Հասարակական

Արմեն Մուրադյանը Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների նվազում է նկատում

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների նվազում է նկատում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների դեպքերի նվազում է նկատվում: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին: «Այս պահին հիվանդանոցներում շուրջ 570 մարդ կա գրանցված սուր շնչառական հիվանդություններով, իսկ թոքաբորբով՝ մոտավորապես 300 հիվանդ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նախարարը հավելեց, որ շուրջ 50 տոկոսով պակասել են սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացման դեպքերը: «Այս պահին մենք մոտենում ենք այն շրջանին, որը այս ժամանակահատվածում սովորաբար նկատվում է»,- հավելեց նախարարը:

Նա ընդգծեց, որ ընդհանուր առմամբ գրանցվել է մահացության 19 դեպք, որոնց պատճառը եղել են ուղեկցող հիվանդությունները և ուշ դիմելիությունը: «Նրանցից յուրաքանչյուրի համար վերակենդանացման բաժանմունքներում մեծ աշխատանքներ են կատարվել, սակայն նրանց կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել»,- մանրամասնեց նախարարը:

Անդրադառնալով դեղորայքին՝ նախարարը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե դեղորայքը հիվանդներին անվճար չի տրամադրվել: «Այդ դեղորայքը հիվանդներին տրամադրվել է անվճար՝ ինչպես հիվանդանոցներում, այնպես էլ պոլիկլինիկաներում: Տարաձայնությունները, ըստ երևույթին, ծագել են այն պահից, երբ հունվարի 1-20 բոլոր խմբերին անվճար տրամադրվել են բոլոր արտոնությունները, որպեսզի նրանք կարողանան պետպատվերի շրջանակներում դիմել հիվանդանոցներ: Հունվարի 20-ից, երբ սկսեցին նվազել սուր շնչառական հիվանդությունների դեպքերը, մենք հանել ենք այդ արտոնությունը»,- ընդգծեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում