Հասարակական

Արմեն Մուրադյանը հանձնարարել է ուժեղացնել առաջնային օղակի աշխատանքը

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը հանձնարարել է ուժեղացնել առաջնային օղակի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի պոլիկլինիկաների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարարության արագ արձագանքման խումբը հանգամանալից անդրադարձ է կատարել գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանը նշել է, որ իրականացված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների և առողջապահական համակարգի արտակարգ ռեժիմով աշխատանքի շնորհիվ, տոնական օրերին հնարավոր եղավ խուսափել տասնյակ ուշացած դեպքերից, խոսել փրկված կյանքերի մասին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը նշել է, որ տոնական օրերին` հունվարի 12-ը ներառյալ, 12 584 քաղաքացի է դիմել բժշկական օգնության: Նշվել է, որ այժմ գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում հանգիստ է:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել դեղերով ապահովվածության գործընթացին: Կարևորվել է բուժման ճիշտ ընթացակարգերով և սահմանված նորմատիվներով իրականացումը: Նախարարը հանձնարարել է հատկապես հղիների, ինչպես նաև ապաքինված հիվանդների, երեխաների նկատմամբ սահմանել հսկողություն, իրականացնել համայցեր: Առկա իրավիճակում բժշկական կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակները կանխարգելելու և վերջիններս բեռնաթափելու նպատակով Արմեն Մուրադյանը հանձնարարել է ուժեղացնել առաջնային օղակի աշխատանքը, ուր վերջին օրերին արձանագրվել է դիմելության անկում: Ամբուլատոր ցանցը ևս ապահովված է անհրաժեշտ հակավիրուսային դեղերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում