Հասարակական

Արմեն Մուրադյանը համայցեր է կատարել մի շարք հիվանդանոցներ

2 րոպեի ընթերցում

 Արմեն Մուրադյանը համայցեր է կատարել մի շարք հիվանդանոցներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն արագ արձագանքման խմբի անդամների հետ համայցեր է կատարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Նաիրի» բժշկական կենտրոններ, «Մուրացան» հիվանդանոցային համալիր և «Հերացի» թիվ1համալսարանականհիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարին ներկայացվել են տարբեր բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծանր հիվանդների առողջական վիճակը, առաջատար մասնագետների հետ քննարկվել նրանց բուժման հետագա ռազմավարությունը:

«Այս պահին կա ութ հիվանդներ, որոնք միացված են արհեստական շնչառության սարքին»,- նշել է Արմեն Մուրադյանը: Նա հավաստիացրել է, որ բժիշկներն անում են ամեն հնարավորը հիվանդների առողջական վիճակը կայունացնելու համար:

Նա տեղեկացրել է, որ արագ արձագանքման խմբի աշխատանքների և վերլուծության արդյունքների մասին ամեն օր պարբերաբար զեկուցվում է ՀՀ վարչապետին:

Արմեն Մուրադյանը նշել է, որ բոլոր հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով: ՀՀ առողջապահության նախարարը ևս մեկ անգամ կոչ է արել բնակչությանը վաղ փուլում դիմել բժշկի, չսպասել, որ հիվանդությունը բարդանա և չզբաղվել ինքնաբուժմամբ:

Նախարարի խոսքով` նախընտրելի է ունենալ հիվանդների մեծ թիվ, բայց դիմելիությունը գրանցվի հիվանդության առավել վաղ փուլերում:

Համայցը եզրափակվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և Վերարտադրողական առողջության,պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ այցելությամբ: Նա զրուցել է հիվանդների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում