Երևանի ավագանին հաստատել է քաղաքի 2016թ. զարգացման ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2016թ. զարգացման ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ինչպես նշել է հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, քաղաքի զարգացման ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի գերակայությունները և առկա հիմնախնդիրները։

Ծրագրում որպես առաջնահերթություն դիտարկվել է մայրաքաղաքում բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Այս համատեքստում կարևորվել է, մասնավորապես, հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը։

Ավագանին քննարկել և հաստատել է նաև Երևան քաղաքի 2016թ. բյուջեն, որով եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 78 մլրդ 219 մլն 530 հազար դրամի չափով, ինչը շուրջ 9%-ով ավելի է 2015թ. բյուջեով կանխատեսածից: Ծրագրված եկամուտները շուրջ 15,1 %-ով գերազանցում են 2014թ. փաստացի հավաքագրված եկամուտներին: Ընդ որում, նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2014թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 7%-ով:

2016թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 78 մլրդ 369 մլն 530 հազար դրամի չափով, որի շուրջ 99%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների ավելի քան 39%-ը բաժին է ընկնում սոցիալական բնագավառին:

Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների կարգավիճակին հավասարեցված անձանց, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամների համար:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու անդամների հավանությանը:

Նիստի ավարտին Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը ներկայացրել է Երևանի ավագանու 2015թ. գործունեության հաշվետվությունը:

Երևանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա 2016թ. փետրվարի 9-ին:

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին