Ինովացիա

Աշխարհի տարբեր երկրների 20 ինտերակտիվ ռոբոտներն արդեն Հայաստանում են ու սպասում են այցելուների

5 րոպեի ընթերցում

Աշխարհի տարբեր երկրների 20 ինտերակտիվ ռոբոտներն արդեն Հայաստանում են ու սպասում են այցելուների

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկ ամիս կգործի տեխնոլոգիական գերտերություններից բերված ամենատարբեր գործառույթներ կատարող ռոբոտների ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կայացավ «Ռոբոտների շքերթ» (Бал роботов) ցուցահանդեսի բացման արարողությունը: Այն տարածաշրջանում կազմակերպվում է առաջին անգամ «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերության կողմից` «Ամերիաբանկ»-ի անմիջական նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ռոբոտատեխնիկայի ոլորտում իրենց ներդրումն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ, «Ամերիա» ընկերությունների խմբի անձնակազմը:

Միջոցառման պատվավոր հյուրերը երեխաներն էին, ամենասկզբում նրանց ողջունեց «Մանկական Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Միկա Վարոսյանը, այնուհետև տեղի ունեցավ երկար սպասցված հանդիպումը հայտնի ու անհայտ ռոբոտների հետ:

«Ռոբոտների շքերթ» նախագծի գլխավոր պրոդյուսեր Իգոր Նիկիտինը հայտնեց իր ուրախությունը Երևանում հյուրընկալվելու համար` նշելով, որ իրենք մեծ աշխատանք են տարել այստեղ ցուցահանդեսով հանդես գալու համար: «Մենք ճանաչում ենք շատ հայ տաղանդավոր մասնագետների, ովքեր զբաղվում են ծրագրավորմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներով: Հույս ունենք, որ այս ցուցադրությունը կօգնի գտնել նոր երիտասարդների, բացահայտել ռոբոտաշինության ոլորտի նոր տաղանդների, որը ամենահեռանկարային ոլորտն է աշխարհում»,-ասաց Նիկիտինը: Նա շնորհակալություն հայտնեց «Ամրիաբանկ»-ին, առանց որի աջակցության հնարավոր չէր կլինի ցուցահանդեսի անցկացումը:

«Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով` այս միջոցառմամբ ցանկանում են մարդկանց, հատկապես, փոքրիկներին հաղորդակից դարձնել նորարարությանը, ռոբոտներին, դրանց պատմությանը, աշխարհում ռոբոտաշինության զարգացման արդյունքներին: Բացի այդ` նախագիծը նաև բարեգործական ուղղվածության է: «Հավաքագրված շահույթի մեծ մասն ուղղվելու է լեյկիմիայով հիվանդ երեխաների բուժմանը: Մենք այդ ուղղությանը միշտ աջակցություն ցուցաբերել ենք: Նախորդ տարիներին աճուրդներ էինք կազմակերպում ու դրանց միջոցով հավաքագրված միջոցներն ուղղում էինք հիվանդ երեխաների բուժմանը: Այս տարի որոշեցինք նախաձեռնել այլ միջոցառում, որը և բարեգործական կլինի, և ուսուցողական, ինչու չէ նաև զվարճանք փոքրիկների համար Ամանորի նախաշեմին»,-ավելացրեց «Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրենը:

Ցուցահանդեսն անցկացվում է «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի գործարանային շնչով ձևավորված սրահում:

Ցուցահանդեսում ներկայացված են Անգլիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Իռլանդիայի և այլ երկրների 20 ինտերակտիվ ռոբոտներ, այդ թվում` Տեսպիան հայտնի դերասան ռոբոտը, թերապևտիկ հատկություններով օժտված Պերոն , Մատուցող ռոբոտ Յոշան, ռոբոֆուտբոլը, ռոբոտ Պինգ-պոնգը, արդյունաբերական առաջադրանքներ կատարող Բակսթերը, նաև հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները:

Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, ռոբոտների լաբորատորիա, Lego ուղեղների գրոհ, ռոբոտների ծրագրավորում, ռոբոտուշկա: Ցուցահանդեսը բաց է դեկտեմբերի 9-ից հունվարի 10-ը, հանգստյան օրերն են 2015 թվականի դեկտեմբերի 31-ն ու 2016-ի հունվարի 1-ը:

Տոմսերը վաճառվում են Երևանի բոլոր տոմսարկղերում, նաև «Երևան Մոլ»-ում: Տոմսերը կարելի է ձեռք բերել նաև օնլայն` cult.am կայքի միջոցով: Աշխատանքային օրերին երեխաների համար դրանք կարժենան 2200 դրամ, իսկ հանգստյան օրերին` 3300 դրամ: Մեծահասակների տոմսերը, համապատասխանաբար, կլինեն 2900 և 3900 դրամ: Դպրոցական կոլեկտիվ հայտերի համար հատուկ փաթեթներ կգործեն:

«Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսն առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում 2014-ին և դարձել է Ռուսաստանի ամենահաջողված ցուցահանդեսային նախագիծը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում