Միջազգային

Մոսկվան Թուրքիային նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիա զորք մտցնելու գայթակղությունից

2 րոպեի ընթերցում

Մոսկվան Թուրքիային նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիա զորք մտցնելու գայթակղությունից

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիան Սիրիայում գործողություններ չի ձեռնարկի Իրաքում ուժերի տեղակայման օրինակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն այդ հայտարարությունն արել է՝ ամփոփելով Անվտանգության խորհրդի փակ հանդիպման արդյունքները, որտեղ քննարկվել է Իրաքի հյուսիս թուրքական զորքեր մտցնելու հետ կապված իրադրությունը:

«Հուսով ենք, որ այն անհանգստությունը, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ Անվտանգության խորհրդի մի շարք անդամներ հայտնեցին մեր նախաձեռնած քվեարկության ընթացքում, կսթափեցնի Անկարայի տաք գլուխներին, եւ նրանք Իրաքի հետ կապված իրադրությունը կկարգավորեն այնպես, որ դա բավարարի Իրաքի կառավարությանը»,- նշել է Չուրկինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիան «չի ձեռնարկի ինչ-ինչ նոր անխոհեմ քայլեր, այդ թվում՝ Սիրիայի տարածքում»:

Իրաքի իշխանությունների տվյալներով՝ դեկտեմբերի 4-ին թուրքական տանկային բրիգադ է մտել Իրաքի Նինվեի նահանգ՝ քրդական աշխարհազորի մարտիկներին պատրաստելու պատրվակով, որոնք կռվում են ահաբեկիչների դեմ: Իրաքի դիվանագիտական գերատեսչությունը եւ պաշտպանության նախարարությունը թուրք զինվորների ներկայությունը որակել են «թշնամական գործողություն», որը համաձայնեցված չի եղել իշխանությունների հետ:

Դեկտեմբերի 6-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ երկրի իշխանություններն իրենց իրավունք են վերապահում գործադրել ցանկացած հնարավոր միջոց, ներառյալ ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը, եթե թուրքական զորքերը 48 ժամվա ընթացքում չհեռանան երկրի տարածքից:

Լուսանկարը` Global Look

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում