Միջազգային

Պատգամավորը ՌԴ գլխավոր դատախազին թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը որպես ահաբեկչական ճանաչելու կոչ է արել

2 րոպեի ընթերցում

 Պատգամավորը ՌԴ գլխավոր դատախազին թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը որպես ահաբեկչական ճանաչելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնության Խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային նամակ է հղել, որում խնդրել է որպես ահաբեկչական ճանաչել թուրքական երիտասարդական «Գորշ Գայլեր» կազմակերպությունը և արգելել դրա գործունեությունը Ռուսաստանում:

«Խնդրում եմ Ձեզ քննարկել թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը որպես ահաբեկչական ճանաչելու և դրա գործունեությունը ՌԴ տարածքում արգելելու նպատակով ՌԴ Գերագույն դատարան դիմելու հնարավորությունը»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նշվում է նամակում:

Իր դիմումը Կլիշասը կապում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից երկու օր առաջ ստորագրած՝ Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովման միջոցների մասին հրամանագրի հետ, որը նաև վերաբերում է հանցավոր և այլ հակաօրինական գործողություններից ՌԴ քաղաքացիների պաշտպանությանը և Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցների կիրառմանը: «Պատկերացում է ստեղծվում, որ Թուրքիայի Հանրապետության ղեկավարության գործողությունները ուղղված են ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն աջակցելուն»,- ասվում է սենատորի նամակում:

«Գորշ գայլեր» կազմակերպությունը դավանում է ծայրահեղ աջ և ազգայնական հայացքների: Կազմակերպությունը գոյություն ունի 1960-ականներից, դրա անդամները հայտնի են աղմուկ հանած հանցագործություններին մասնակցությամբ, այդ թվում՝ 1981թ.-ին Հռոմի Հովհաննես Պողոս երկրորդ պապի նկատմամբ մահափորձին: Ռուսաստանյան մի շարք ԶԼՄ-ների կարծիքով՝ հենց «Գորշ Գայլեր» խմբավորման անդամներն են ցամաքից գնդակահարել ռուս օդաչու Օլեգ Պեշկովին՝ Սու-24-ի անձնակազմի հրամանատարին. ինքնաթիռը նոյեմբերի 24-ին թուրքական ռազմաօդային ուժերը խոցել էին Սիրիայի երկնքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում