Միջազգային

ՌԴ-ն գերակատարել է Կիոտոյի արձանագրությունը՝ «արգելակելով» գլոբալ տաքացումը գրեթե մեկ տարով. Պուտին

5 րոպեի ընթերցում

ՌԴ-ն գերակատարել է Կիոտոյի արձանագրությունը՝ «արգելակելով» գլոբալ տաքացումը գրեթե մեկ տարով. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը գերակատարել է Կիոտոյի արձանագրության գծով իր պարտավորությունները, իսկ երկրի կողմից ջերմոցային գազերի արտանետման նվազեցումը համեմատական է աշխարհում մթնոլորտի աղտոտման տարեկան գումարային ծավալին: Այս մասին հայտարարել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Փարիզում ընթացող ՄԱԿ-ի՝ գլոբալ տաքացման թեմային նվիրված կոնֆերանսում:

«Մենք գերակատարել ենք Կիոտոյի արձանագրության գծով մեր պարտավորությունները»,- նշել է Ռուսաստանի Նախագահը: Նրա խոսքով՝ 1997-2012 թվականներին ՌԴ-ն «ոչ միայն թույլ չի տվել ջերմոցային գազերի արտանետման աճ, այլև զգալիորեն կրճատել է դրանք, ինչի շնորհիվ մթնոլորտ չեն արտանետվել գազեր, որոնց ծավալը համարժեք է 40 մլրդ տոննա ածխաթթու գազին»: Համեմատության համար Պուտինը ներկայացրել է 2012թ.-ին աշխարհի բոլոր երկրների արտանետած գազերի ընդհանուր ծավալը՝ 46 մլրդ տոննա:

«Այսինքն՝ կարելի է ասել, որ Ռուսաստանի ջանքերը թույլ են տվել արգելակել գլոբալ տաքացումը գրեթե մեկ տարով»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, եզրակացրել է ՌԴ Նախագահը:

Նա պարզաբանել է, որ ջերմոցային էմիսիան ՌԴ-ին հաջողվել է զգալի նվազեցնել տնտեսության արդիականացման և էկոլոգիապես մաքուր, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման հաշվին:

«Այդ ժամանակահատվածում մենք կարողացել ենք գործնականում կրկնապատկել երկրի ՀՆԱ-ն: Դրանով ցանկանում եմ ասել, որ միանգամայն հնարավոր է անհրաժեշտ ուշադրություն դարձնել զարգացմանը, ապահովել զարգացումը և հոգ տանել բնության մասին»,- ընդգծել է ՌԴ Նախագահը:

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը «դուրս է եկել աշխարհում առաջին տեղերից մեկը տնտեսության էներգատարողության նվազման տեմպերով՝ 33.4 տոկոս 2000-2014թթ. ժամանակահատվածում»: «Էներգետիկայի զարգացման էներգաարդյունավետության ծրագրի իրականացման արդյունքներով՝ ակնկալում ենք մինչև 2020թ.-ն հասնել ևս 13.5 տոկոս նվազման»,- հայտնել է Ռուսաստանի ղեկավարը:

Նրա խոսքով՝ գլոբալ տաքացման հետևանքները գնալով ավելի զգալի տնտեսական վնաս են պատճառում, քայքայում մարդու ձևավորված սովորական կենսամիջավայրը:

«Կլիմայական հիմնախնդրի լուծումից են կախված մոլորակի բոլոր մարդկանց կյանքի որակը, տնտեսական աճը և Երկրի ամբողջ տարածաշրջանների կայուն սոցիալական զարգացումը»,- եզրակացրել է ՌԴ Նախագահը:

«Ռուսաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ գլոբալ տաքացման կանխարգելման համատեղ ջանքերում: Մինչև 2030 թվականը մենք ակնկալում են բազային 1990 թվականի համեմատ նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները մինչև 70 տոկոսով»,- ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ դրան Ռուսատանը հասնելու է էներգախնայողության ոլորտում մեծ զարգացում ապահովող լուծումների, այդ թվում՝ նոր նանոտեխնոլոգիաների հաշվին: ՌԴ Նախագահը նշել է, որ մշակվել է ածխաջրածնային նանոփողակների հիմքի վրա հավելումների տեխնոլոգիա: «Ըստ փորձագետների գնահատականների՝ այդ տեխնոլոգիայի կիրառումը մինչև 2030 թ.-ն միայն Ռուսաստանում կնվազեցնի ածխաթթու գազի արտանետումները 160-180 մլն տոննայով»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ հավաստելով, որ երկիրը պատրաստ է նման մշակումների փոխանակմանը:

Նրա կարծիքով՝ նոր համաձայնագրում պետք է ամրագրվի անտառների կարևոր դերը՝ որպես ջերմոցային գազերի հիմնական կլանողի: Նա նշել է, որ Ռուսաստանի համար, որը տիրապետում է հսկայական անտառային ռեսուրսների և շատ բան է անում մոլորակի «թոքերի» պահպանման համար, դա հատկապես կարևոր է: Միաժամանակ, Պուտինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սկզբունքային նշանակություն ունեն վնասակար արտանետումների նվազեցման ուղղությամբ զարգացող երկրների ջանքերը: «Ռուսաստանը նույնպես ծրագրում է ֆինանսական և այլ աջակցություն ցուցաբերել այդ երկրներին՝ օգտագործելով ՄԱԿ-ի մեխանիզմները»,- նշել է նա:

ՌԴ Նախագահը նաև հաստատել է ՄԱԿ-ի հովանու ներքո կլիմայի և բնական ռեսուրսների հիմնախնդիրների թեմայով գիտական համաժողովի անցկացման առաջարկը:

Պուտինն ակնկալում է, որ կլիմայի վերաբերյալ նոր համաձայնությունը, որը հաջորդելու է Կիոտոյի արձանագրությանը, կմշակվի համատեղ ուժերով, և 2020 թվականից հետո կծառայի բոլոր պետությունների և ժողովուրդների շահերին: Նրա խոսքով՝ Ռուսատանն ակնկալում է, որ կլիմայի վերաբերյալ նոր համաձայնությունը կլինի «համապարփակ, արդյունավետ, իրավահավասար»: «Սատարում ենք նոր համաձայնության երկրաժամկետ նպատակի իրականացմանը՝ մինչև 21-րդ դարի ավարտը գլոբալ ջերմաստիճանի աճը սահմանափակել Ցելսիուսի 2 աստիճանի սահմաններում»,- ընդգծել է ՌԴ Նախագահը:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում