Հայաստանը խստացնում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունը հաստատեց օրենքների նախագծերի փաթեթը, որով հստակեցվում են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին վերաբերող դրույթները, դրանց չկատարման դեպքում նախատեսվում խստացումներ, բարձրացվում ուղևորափոխադրումների անվտանգությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստում նշեց, որ օրենսդրական նոր փաթեթով նախատեսված են խստացումներ և վերահսկողական մեխանիզմներ: «Մասնավորապես, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելիս նույնպես կազմակերպությունը ստանձնելու է մի շարք պարտավորություններ. ունենալ երթուղային ցանց` համապատասխան չվացուցակներով, կայանատեղի, որտեղ առկա են վարորդների ամենօրյա բուժզննման և երթուղի դուրս գալուց առաջ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը վերահսկելու կետեր և իրականացնել ավտոտրանսպորտային միջոցների կայանում, պահպանում (գիշերակաց) և վարորդների առողջական ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննում»,- ասաց Բեգլարյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀօրենքով սահմանված պահանջների խախտումներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումն առաջացնում է տուգանքի նշանակում դեպի Վրաստան և կամ հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, ՀՀ-ից դեպի այլ պետություններ և կամ հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով, Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ պետություններ և (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Նոյեմբերի երեքին Տուլայի տարածաշրջանում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան միկրոավտուբոսն իրականացնում էր ոչ կանոնավոր ուղևորափոխադրում: Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ:
Մինչ աժմ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականցնող կազմակերպություններին վերահսկելու մեխանիզմներ չուներ: