Հասարակական

Բելգիան մշտապես ունեցել է հիասքանչ հանդիսատես. Շառլ Ազնավուր

2 րոպեի ընթերցում

Բելգիան մշտապես ունեցել է հիասքանչ հանդիսատես. Շառլ Ազնավուր

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն այլևս Բելգիայի Թագի շքանշանի ասպետ է (Commandeur de l'Ordre de la Couronne): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, կոչմանն Ազնավուրն արժանացել է նոյեմբերի 16-ին Բելգիայում` Բրյուսելի Egmont Palace-ում:

Շառլ Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Բելգիային, որը, նրա հավաստմամբ, «մշտապես ունեցել է հիասքանչ հանդիսատես»: Արարողության ընթացքում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Փարիզի ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակը: Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերը խոսել է արտիստի բարձր հատկանիշների մասին:

telebruxelles.be-ն, անդրադառնալով Ազնավուրի` Բելգիայի Թագի շքանշանի ասպետ դառնալու փաստին, շեշտել է, որ հայկական ծագում ունեցող երգիչը պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Կայքը նաև ընդգծում է, որ Բելգիան` ներկայացուցիչների պալատի նախաձեռնությամբ և բոլորովին վերջերս Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելի ձայնով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Լեգենդար երգիչը Բելգիայում է համերգ տալու նպատակով: 91-ամյա արտիստը նոյեմբերի 17-ին Բրյուսելի Forest National սրահում կերգի իր բելգիացի երկրպագուի համար:

Թագի շքանշանը Բելգիայի արքայական պետական պարգևն է: Այն ստեղծվել է 1897 թվականին:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ինհասցրել է համերգով հանդես գալ Հայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում ևհարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում