5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանն ամեն ինչ անում է, որ հայ երիտասարդն ավելի մրցունակ լինի թե’ իր մասնագիտական հմտություններով, թե’ գիտելիքներով: ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը փաստում է` մեր երիտասարդությունն իր առջև ավելի մրցունակ լինելու խնդիր է դրել, իսկ ՀԵՀ-ը` որպես երիտասարդական կառույց, փորձում է հնարավորինս օժանդակել նրանց:
Երիտասարդների համաշխարհային (նշվում է նոյեմբերի 10-ին) և Ուսանողության միջազգային օրերի (նոյեմբերի 17) կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է Կարեն Ավագյանի հետ ՀԵՀ-ի նախաձեռնած միջոցառումների, երիտասարդներին հուզող խնդիրների և այլ հարցերի շուրջ:
ՀԵՀ-ն իր ամբողջ գործունեությունն է նվիրում երիտասարդությանը
Մենք արդեն ավանդույթ ենք դարձրել տոների առթիվ միջոցառումների շարք կազմակերպել, որով փորձում ենք տարբեր հետաքրքրություն ունեցող երիտասարդների համար տոն ստեղծել:
Մենք Երիտասարդների համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումները սկսել ենք նոյեմբերի 7-ից` «Մի կտոր կրակ» երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսով: Մշակութային ծրագիր, որի միջոցով ներկայացվել են երիտասարդների նկարները, քանդակները: Հնարավորություն ենք տալիս երիտասարդներին ներկանալ, դառնալ ճանաչելի: Շատ կարևոր է, որ մշակույթով, արվեստով զբաղվող երիտասարդը նաև ճանաչելի լինի:
Մենք ուզում ենք խրախուսել և ոգևորել երիտասարդներին
Հաջորդ միջոցառումը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 10-ին: Կլինի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի համերգը: Ուզում ենք երիտասարդությանը տոն պարգևել: 10 հազարից ավելի երիտասարդներ ու ուսանողներ կկարողանան մասնակցել այդ համերգին:
Բացի այդ, նոյեմբերի 14-ին ֆուտբոլի ամենամյա մինի խաղ կկազմակերպենք` երիտասարդ քաղաքական գործիչների և ուսանողական կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Խրախուսում ենք, որ երիտասարդները զբաղվեն սպորտով:
Տարբեր բուհերում տոների առթիվ փոքրիկ համերգներ են իրականացվելու, նաև սոցիալական ծրագրեր, որոնք նվիրված կլինեն Երիտասարդների համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին:
Երիտասարդական խնդիրներ
Վերջերս ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հարցումներ իրականացվեցին և պարզվեց, որ երիտասարդները հիմնականում սոցիալական բնույթի և աշխատատեղի հետ կապված խնդիրներ ունեն: Մենք էլ գիտենք դրա մասին, ամեն ինչ անում ենք, որ մեր երիտասարդն ավելի մրցունակ լինի թե' իր մասնագիտական հմտություններով, թե' գիտելիքներով:
Այն հնարավորությունները, որ կան գիտելիքներ ստանալու առումով մեր բուհերում ու հանրապետությունից դուրս, գալիս են ապացուցելու, որ մեր երիտասարդությունն իր առջև ավելի մրցունակ լինելու խնդիր է դրել: Մենք այդ ճանապարհին ինչով կարողանում ենք, օգնում ենք նրանց որպես երիտասարդական կառույց: Արտասահմանում սովորելու հնարավորությունները շատ են մեծացել. եթե մարդը գիտի լեզու և ունի համապատասխան գիտելիք, կարող է կրթությունը շարունակել աշխարհի ճանաչված բուհերում:
Տարվա ընթացքում մեր բոլոր իրականացրած ծրագրերի առանցքում բացառապես մեր երիտասարդությունն է
Մեր բոլոր ծրագրերում թիրախը և կազմակերպիչը երիտասարդն է: Պարզ է, որ չենք կարող ամբողջությամբ լուծել երիտասարդների խնդիրները: Բայց իրականացնում ենք դասընթացներ, սեմինարներ, կրթական ծրագրեր, որոնք ձևական չեն, այլ խնդիրներ լուծող ծրագրեր են:
Ուսանողության տարիներին ձեռք բերված գիտելիքները կարևոր են
Ես մաղթում եմ մեր երիտասարդներին, որ իրենք լինեն նվիրված իրենց գործին, ազնիվ և գիտելիքներ, հմտություններ ձեռք բերելու տարիները հնարավորինս օգտագործեն: Այն փորձը և գիտելիքը, որ ձեռք է բերվում ուսանողության տարիներին, պետք է գալիս ամբողջ կյանքում: Կոչ եմ անում երիտասարդությանը, որ մասնակից դառնա երկրում ընթացքող բոլոր գործընթացներին:
Ընդունված է ասել, և այդպես էլ կա` մեր բանակը երիտասարդական ամենամեծ կառույցն է: Մեր զինծառայողներին մաղթում եմ, որ իրենք իրենց գործն նվիրված և ազնիվ իրականացնեն, այնպես, ինչպես անում են մինչև հիմա:
Հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի