Միջազգային

Ռուսական ինքնաթիռի օդաչուն կործանումից առաջ վթարային վայրէջքի թույլտվություն է խնդրել

2 րոպեի ընթերցում

Ռուսական ինքնաթիռի օդաչուն կործանումից առաջ վթարային վայրէջքի թույլտվություն է խնդրել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ուղևորափոխադրող ինքնաթիռի կործանման առնչությամբ Եգիպտոսի կառավարությունն արտակարգ խորհրդակցություն է անցկացնում: Ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:

Կահիրեի միջազգային օդանավակայանից անհայտ աղբյուրը տեղեկացրել է, որ ինքնաթիռի կործանումից առաջ օդաչուն կապվել է դիսպետչերների հետ և վայրէջքի թույլտվություն խնդրել մոտակա օդանավակայանում: Այդ ժամանակ ինքնաթիռը գտնվել է երկրից 9000 մետր բարձրության վրա: Դրանից հետո կապն օդաչուի հետ ընդհատվել է:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Եգիպտոսում ՌԴ դեսպանությունն ուսումնասիրում է ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հետ կապված միջադեպը:

Եգիպտական ԶԼՄ-ները հայտնել են, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնում: Եգիպտոսի անվտանգության ուժերը շրջափակման են առել ինքնաթիռի կործանման վայրը, Սինայի հյուսիսում գտնվող էլ-Արիշ քաղաքից դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության 20 մեքենա: Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը չեղյալ է հայտարարել բոլոր ծրագրված այցերը Սինայի թերակղզում ռուսական քաղաքացիական ինքնաթիռի կործանման հետ կապված: Նա հայտնել է, որ իրադրությունը վերցնում է իր անձնական վերահսկողության տակ:

Ավելի վաղ Ռուսական ավիացիայի աղբյուրը հայտնել էր, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում