Քաղաքականություն

Կարեն Անդրեասյանն ԱԺ ամբիոնից պատասխանեց իր հասցեին հնչած քննադատություններին

5 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանն ԱԺ ամբիոնից պատասխանեց իր հասցեին հնչած քննադատություններին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Ազգային ժողովի ամբիոնից պատասխանեց մի խումբ պատգամավորների` իր հասցեին հնչեցրած քննադատություններին: Մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցի քննարկման ընթացքում իր եզրափակիչ ելույթում Կարեն Անդրեասյանը նախ անդրադարձավ պատգամավորների այն դիտարկմանը, թե ինքը երիտասարդ է և անփորձ, հետևաբար նաև թույլ է: «Երիտասարդ բառն օգտագործող բոլոր անձանց հիմա ասում եմ՝ երիտասարդությունն այստեղ ներկա գտնվողների թերություններից ամենափոքրն է, որովհետև, երիտասարդ լինելով, կարելի է հասուն լինել այնքան, որ մտածել մարդկանց իրավունքների մասին, ոչ թե այլ անձանց անձնական վիրավորանքներ հասցնելու մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝նշեց Անդրեասյանը:

Անդրադառնալով ընդհանուր հարցադրումներին, թե արդյոք զեկույցը լավ է գրված, Անդրեասյանը չժխտեց, որ դրանում կային վրիպակներ, որոշակի դիտարկումներ, որոնք ընդհանուր են, հանրամատչելի են՝ հավելելով, որ դրանք նույնպես պետք է գրվեն:

Պատգամավորների դիտարկումներին, թե զեկույցում սրությունը քիչ է և պետք է ավելի ագրեսիվ քննադատել ու շատ բաներ ավելի կոշտ ասել, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Սրան կարող եմ արձագանքել, որ դա քաղաքական ճաշակի և պատկերացման հարց է, և միայն նրա համար, որպեսզի հակառակ թևից եկած հարձակումներից ինձ պաշտպանեք, ես չեմ պատրաստվում շեղվել այն գծից և սկզբունքից, որ որդեգրել եմ՝ լինել ապաքաղաքական, լինել չեզոք, մտածել իմ ամեն մի դիմումատուի և ընդհանուր համակարգային խնդիրների մասին: Միևնույն ժամանակ, հակառակ կողմի կարծիքների հետ չեմ կարող համաձայնել, թե պետք է լինել ավելի մեղմ,ավելի զգայուն պետական մարմինների արած գործի, նրանց ձեռքբերումների նկատմամբ: Ես իմ պատկերացումներն ունեմ և այդ պատկերացումներով եմ առաջնորդվում ոչ թե նրա համար, որ կամակորություն եմ անում, այլ հենց դրա համար եք դուք ինձ ընտրել, որպեսզի ես լինեմ հնարավորինս անաչառ: Իսկ դա նշանակում է, որ ես պետք է գործեմ իմ խղճով ու հավատքով»:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ ինքը չունի թիմ, չկան մարդիկ, ովքեր իր համար կկանգնեին և ում պետք է ցույց կտային իր տեղը: «Եվ հենց դրա համար է, երևի, որ իմ զեկույցները հենց նման արձագանք են ունենում: Ես ներգրավված չեմ ոչ պետաիշխանական խաղերում, ոչ ընդդիմադիր խաղերում, ոչ քաղաքական խաղերում: Ես ունեմ իմ ռեսուրսները, որոնցից առաջինն իմ հավատքն է, և ես չեմ ցանկանում անհարկի տեղն Աստծո անունը շոշափել, սակայն ես հավատում եմ, որ հնարավոր է Աստծո օգնությամբ մարդու իրավունքների ոլորտում հաջողություն արձանագրել: Իմ երկրորդ ռեսուրսը Սահմանադրությունն է, որին ես նույնպես հավատում եմ և այն իմ հենարանն է ու այն ուժը, որից ես օգտվում եմ: Երրորդ ռեսուրսը մարդիկ են, և այդ մարդիկ ինձ թույլ են տալիս փողոցում հանգիստ ու պարզ ճակատով քայլել, որովհետև ես գիտեմ, որ արել եմ առավելագույնը, որ կարող էի անել իմ պաշտոնավարման ընթացքում»,- հավելեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Անդրեասյանն անդրադարձավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի կողմից իր հասցեին հնչեցրած խիստ քննադատությանը: «Ես կարծում եմ, որ ինձ համար այս պահին 130 պատգամավոր մի կողմում է, իսկ մեկը՝ մյուս կողմում: Ելույթների համար հերթագրված պատգամավորներից 19-րդը իրեն դրսևորեց պատգամավորական, մարդկային էթիկայի կանոնների դեմ: Ես կարծում եմ, որ քննադատությունն ունի սահմաններ և բարոյականություն: Ուղղակի անբարոյական է վրդովվել այն բանից, որ մենք զեկույցում նշել ենք, որ կալանավորներին միջատները կծոտում են: Եթե այդ պատգամավորը գոնե մեկ գիշեր անցկացնի քրեակատարողական հիմնարկում, կհասկանա, թե ինչ է նշանակում մտածել կծող միջատի մասին: Սա իսկապես մտահոգություն է: Ես ասեմ ավելին, եթե այդ պատգամավորն ունենա Մարդու իրավունքների պաշտպանի կարիքը, մի կողմ թողելով նրա անբարո ելույթը` ես կանգնած կլինեմ այդ պատգամավորի կողքին: Ես այստեղ շատ կարծիքներ եմ լսել, որոնց հետ համաձայն չեմ, եղել են տեսակետներ, որոնցում անարդարություն կար, սակայն նրանցից որևէ մեկը կեղտոտ խաղեր խաղալու միտում չուներ: Դրա համար եմ ես առանձնացնում 130 պատգամավորներին այդ մեկ պատգամավորից»,- հավելեց Կարեն Անդրեասյանը:

Օմբուդսմենի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Պարոն Անդրեասյան, ես ցանկանում եմ հիշեցնել, որ դուք այստեղ հենարան ունեք: Այդ հենարանը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության պատգամավորներն են, ովքեր ձեզ ձայն են տվել, ընտրել և նրանց ձայնով դուք այսօր իրականացնում եք ձեր աշխատանքը»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում