Արմեն Մուրադյանը ռուս բժիշկների հետ քննարկե է մանկաբուժության ոլորտի հիմնախնդիրները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր նեոնատոլոգ,մանկաբուժության և պերինատոլոգիայի ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Դմիտրի Իվանովին, ինչպես նաև Մոսկվայի Ֆիլատովի անվան N 13 քաղաքային մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Անտոնինա Չուբարովային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Ռուսաստանի առաջատար մասնագետների հետ քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման ոլորտին վերաբերող արդիական հարցեր:

«Մոր և մանկան ոլորտի հարցերը մեզ համար ոչ միայն գերակա են, այլև գտնվում են մեր ամենօրյա անմիջական ուշադրության կենտրոնում: Կարծում եմ` այս քննարկումը ևս կամրապնդի երկու երկրների համագործակցության ամուր հիմքերը, որոնք արդեն երկդարյա պատմություն ունեն»,-ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա գնահատմամբ` ռուսաստանյան գործընկերների հետ կազմակերպական, նեղ մասնագիտական հարցերի քննարկումները հնարավորություն են ընձեռում ոչ միայն զարգացնել համագործակցությունը կրթական, գիտական ոլորտներում, այլև կայացնել օրենսդրական դաշտի բարելավման, չափորոշիչների, գործելակարգերի մշակման համատեղ որոշումներ:

Առաջատար մասնագետները ներկայացրել են Ռուսաստանում ծնելիության և մահացության հիմնական ցուցանիշները: Անդրադարձել են մոր և մանկան ոլորտում բուժօգնության կազմակերպման, մայրաքաղաքում և մարզերում բժշկական կազմակերպությունների նյութատեխնիկական և կադրային հագեցվածության, ինչպես նաև այլ հարցերի: Կարևորվել է անհաս և արատներով ծնված երեխաների բժշկական օգնության ճիշտ կազմակերպումը, բուժանձնակազմի բարձր պատրաստվածությունը:

Մասնագետների խոսքով, խնդիրներ ունեցող երեխաների դեպքում հատկապես կարևոր է մեծ ուշադրություն դարձնել անհրաժեշտ բուժօգնության կազմակերպմանը կյանքի առաջին իսկ րոպեներից սկսած:

Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության մասնագետները, ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալաքյանը: Նա, որպես ռուսաստանյան գործընկերների հետ փորձի փոխանակման վառ օրինակ, մատնանշել է իր ղեկավարած կենտրոնի և Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նեյրովիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտի առաջատար պրոֆեսորՎիլիամԽաչատրյանի հետ արդեն 20 տարվա պատմություն ունեցող արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ հաջողվել է փրկել բազմաթիվ երեխաների կյանքեր: Քննարկվել են նաև կրծքով սնուցման վերաբերյալ օրենսդրական մի շարք հարցեր:

ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ուրախությամբ փաստել է, որ վերջին շրջանում իրականացված օրենսդրական բարեփոխումների, մասնավորապես, «Երեխաների կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման շնորհիվ հաջողվել է արգելք մտցնել արհեստական կաթնախառնուրդներ գովազդելու գործընթացքում:

Կրծքով սնուցման պրոպագանդման հարցում ևս մասնագետները կարևորել են բժիշկների գիտելիքների, գրագետ մոտեցման անհրաժեշտությունը:

Անվանի մասնագետները Հայաստան են ժամանել նեոնատալ խնդիրներին նվիրված քննարկմանը մասնակցելու նպատակով:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից