Միջազգային

ԻՊ-ն Իրաքում նավթահոր է պայթեցրել

2 րոպեի ընթերցում

ԻՊ-ն Իրաքում նավթահոր է պայթեցրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» ահաբեկիչներն Իրաքի Քիրքուք նահանգի նավթային դաշտում նավթահոր են պայթեցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ` պայթյունի հետևանքով մեծ հրդեհ է բռնկվել: Քրդական փեշմերգա ուժերը Խաբազա նավթային դաշտի վրա վերահսկողություն են հաստատել հունվարից:

Մյուս կողմից, Անբարի նահանգի խորհրդի ղեկավար Սաբահ Քարհութը տեղեկացրել է, որ իրաքյան ուժերն ազատագրել են Ռամադի քաղաքի Զանքուրա շրջանը, ինչպես նաև քաղաքի Ալբու Ռիշա շրջանի խոշոր հատվածներ: Ռազմական գործողությունների ընթացքում ԻՊ-ը խոշոր վնասներ է կրել:

Ռամադի քաղաքում իրաքյան ուժերը լայնածավալ գործողություններ են իրականացնում` նպատակ ունենալով վերահսկողություն հաստատել այնտեղ: Ռազմական գործողություններին մասնակցում է տեղի ոստիկանությունը, բանակը, ահաբեկչության դեմ պայքարի համակարգը, ազգային կամավորական խմբեր:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում