ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար, հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մ. Մոթթաքիին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մանուչեհր Մոթթաքիին: Նա Հայաստանում է հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 7-րդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ռոբերտ Քոչարյանին հաղորդել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ջերմ ողջույնները: Ընդգծելով ամենատարբեր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու երկու երկրները հաստատակամությունը` կողմերը նշել են, որ հայ-իրանական քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն իրենց արտացոլումն են գտնում նաեւ տնտեսության ոլորտում: Նախարար Մ.Մոթթաքին համառոտ ներկայացրել է երկկողմ տնտեսական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը` նշելով, որ այն աչքի է ընկել մի շարք կարեւոր տնտեսական ծրագրերի խորը քննարկմամբ: Նրա խոսքով, ներկայում քննարկման ընթացքում են ենթակառուցվածքային մի քանի հիմնարար ծրագրեր էներգետիկայի, տրանսպորտի բնագավառներում: Զրուցակիցների կարծիքով, դեռեւս բավարար չեն երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշները եւ կան ծավալները մեծացնելու լուրջ հնարավորություններ: