Հասարակական

Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապի հետ

2 րոպեի ընթերցում

Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հոկտեմբերի 1-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և Պատրիարք Նորին Ամենապատվություն Թեոդորոս Բ-ի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, զրույցի ընթացքում Նորին Սրբությունն իր գոհունակությունն է հայտնել, որ Քույր եկեղեցիների հոգևոր պետերը և ներկայացուցիչները, ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերին, Սրբալույս Մյուռոնի օրհնության առիթով ժամանել են Հայաստան` աղոթակից լինելու Հայ եկեղեցուն և կիսելու հայ ժողովրդի ուրախությունը:

Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-րդ տարում Քրիստոնեական եկեղեցիների մասնակցությանն ապրիլյան միջոցառումներին, ընդգծել է, որ այդ ներկայությունը կարևոր ուղերձ էր համայն աշխարհին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու, ինչպես նաև մարդկության կյանքում նմանօրինակ ոճիրները կանխելու առումով: «Կարևորում ենք այս տեսակ զորակցությունը, որով զորանում են նաև փոխադարձ կապերը եկեղեցիների միջև», - ասել է Վեհափառ Հայրապետը:

Վերջում Նորին Սրբությունը մաղթել է, որ Ամենակալ Աստված հանապազ օրհնի և խաղաղ ու անվրդով պահի Իր Սուրբ եկեղեցին:

Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում