ՀՀ Նախագահը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ Ադրբեջանը խաղաղության հասնելու ցանկություն չունի. Կարեն Բեքարյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահն իր ելույթի հիմքում դրեց այն թեզը, որ Ադրբեջանն իր պահվածքով ողջ միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ որևէ կերպ խաղաղության հասնելու ցանկություն չունի, իսկ նրա որդեգրած ձեռագիրը սադրանքի ձեռագիրն է: Հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

«Դրա հետ կապված՝ հանրապետության ղեկավարը բավականին տրամաբանական հիմնավորումներ ներկայացրեց: Շեշտադրվեց շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ու Ադրբեջանի կողմից այդ առաջարկը մերժելը, շեշտադրվեց հետաքննության մեխանիզմների ստեղծման գաղափարը, որը նույնպես Ադրբեջանը մերժում է: Հենց սրանք են հիմնավորումներն ու ապացույցներն այն բանի, որ Ադրբեջանը ցանկություն չունի սահմաններն ավելի անվտանգ դարձնելու, զինադադարի պայմաններն առավել հստակ պահպանելու: Այս պարագայում, ցանկացած միջադեպի պարագայում Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե հայկական կողմն է լարվածություն ստեղծում, տրամաբանական չեն և կապ չունեն իրականության հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բեքարյանը:

Կարեն Բեքարյանը ՀՀ Նախագահի երրորդ կարևոր հանգամանքը համարում է Եվրոպական խաղերի օրինակով իր փաստարկները հիմնավորելը: «Այդ օրինակը, ի դեպ, բավականին ընկալելի է մեր գործընկերների համար թե Եվրոպայում, թե Արևմուտքում ընդհանրապես, թե ավելի լայն համատեքստում: Եթե սադրանքները փոխադարձ են, ինչպես պնդում են ադրբեջանցիները, ինչպե՞ս է ստացվում, որ Բաքվում անցկացված Եվրոպական խաղերի ողջ ընթացքում սահմանին իրավիճակը շատ հանգիստ էր, իսկ խաղերի ավարտից անմիջապես հետո կրկին նման սադրանքները թափ հավաքեցին»,- ընդգծեց պատգամավորը:

Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ հանրապետության ղեկավարը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսել է Ադրբեջանի կողմից սահմաններին տիրող լարվածության մեջ երկու փոփոխություն իրականացրելու մասին. Ադրբեջանն սկսել է ավելի ինտենսիվ ռմբակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, ինչպես նաև փոխել է օգտագործվող զինատեսակների տրամաչափը: «Բնականաբար, սա ևս ներկայացվեց բավականին բարձր ամբիոնից, և, իհարկե, այստեղ կա էական էլեմենտ՝ ներկայացնել միջազգային հանրությանը, որ հերթական անգամ Հայաստանին, Արցախին, զինված ուժերին չի մնում այլ ելք, քան սեփական ուժերի վրա հույսը դնելուց: Հաշվի առնելով այն սրացումը, որ մենք ունենք սահմանին՝ մենք որևէ կերպ երաշխավորված չենք, որ Ադրբեջանը նոր սադրանքների չի գնա, և այս պարագայում Հայաստանի հակագործողությունները պետք է ընկալելի և հասկանալի դառնան միջազգային հանրության համար»,- ասաց պատգամավորը:

Բեքարյանը տեղին է համարում նաև ՀՀ Նախագահի այն ուղերձը, որ սահմանին տիրող իրավիճակը հետևանքն է այն բանի, որ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը սահմանին լարվածություն ստեղծելու եղանակով փորձում է հասարակության ուշադրությունը շեղել այդ երկրում տիրող խայտառակ իրավիճակից, մարդու իրավունքների կոպիտ խախտումներից:

Հայերեն

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով