Պաշտոնական

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը սիրիահայության և իրաքահայության վերաբերյալ հայտարարություն է ընդունել

5 րոպեի ընթերցում

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը սիրիահայության և իրաքահայության վերաբերյալ հայտարարություն է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն սեպտեմբերի 25-ն ընդունած հայտրարաությամբ իր երախտագիտությունն է հայտնել Մերձավոր Արևելքի ժողովուրդներին, որոնք մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, որոնք դարձան այդ երկրների կառուցման գործուն մասնակիցներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հայտարարության մեջ ասված է.

«Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը, էթնիկական ու կրոնական համայնքների գոյությունը, մենք մեր բարոյական պարտքն ենք համարում կանգնել նրանց կողքին։ Այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների, ահաբեկչություններից ու քաղաքացիական պատերազմից փրկված փախստականների ճակատագրերի վրա:

Հայաստանը բացել է դռները Սիրիայից և Իրաքից եկած հայերի առջև և ավելի քան 16 հազար փախստական ընդունել: Հայաստանի պետական բոլոր կառույցները ներգրավված են նրանց հիմնախնդիրները լուծելու և հասարակության մեջ նրանց ինտեգրումն արագացնելու աշխատանքներում:

Հայկական սփյուռքի կառույցները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր են նախաձեռնել և իրականացրել Սիրիայի և Իրաքի հայության վիճակը մեղմելու ուղղությամբ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը՝

- խորապես մտահոգված լինելով Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններով,

- շահագրգիռ լինելով այդ տարածաշրջանում խաղաղության և կայունության շուտափույթ հաստատմամբ,

- խստորեն դատապարտելով ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող ոճրագործությունները, որոնց զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ, ավերակ են դառնում սրբավայրեր, կոթողներ և մշակութային արժեքներ,

- գնահատելով նման վայրագությունները որպես մարդկության և քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ,

- գիտակցելով, որ տարածաշրջանի ժողովուրդների պաշտպանությունը պահանջում է գործողությունների համադրում և համակողմանի աջակցություն, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրում ինչպես փախստականներին, այնպես էլ վտանգված համայնքներին՝

ԴԻՄՈՒՄ Է

- միջկառավարական և միջազգային մարդասիրական կազմակերպություններին, փախստականների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր իրականացնող պետություններին` հնարավորինս շտապ բազմակողմանի աջակցություն ցուցաբերել աղետալի իրավիճակում հայտնված Սիրիայի ժողովրդին, համապատասխան միջոցներ ձեռնարկելու բոլոր փախստականներին և նրանց ընդունելու հարցում գործուն քայլեր ձեռնարկած պետություններում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությանն օժանդակելու խնդրում,

- հայաստանյան բոլոր պետական ինստիտուտներին, հանրային և մասնավոր կառույցներին` այսուհետ ևս համակողմանի քայլեր ձեռնարկելու` դյուրացնելու համար սիրիահայերի առջև ծառացած խնդիրների լուծումները հայրենիքում,

- համայնքային բոլոր կառույցներին, անհատներին` հնարավոր բոլոր միջոցներով սատարելու և համակողմանի աջակցություն ցուցաբերելու ինչպես դեռևս Սիրիայում գտնվող համայնքին, այնպես էլ Հայաստանում հաստատված սիրիահայերին:

Սիրիահայության տագնապալի վիճակը ներկայումս ողջ հայ ազգի առջև ծառացած մարտահրավեր է, և այն հաղթահարելու համար հրատապ անհրաժեշտություն է՝ համախմբել Հայաստանի և սփյուռքի ուժերն ու հնարավորությունները՝ համակարգելու բոլոր գործողությունները` հավաքական ջանքերով լուծում տալու մեր հայրենակիցների հիմնախնդիրներին:

Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ու սփյուռքն այսուհետ ևս սատարելու են արտակարգ իրավիճակում հայտնված և օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր հայորդու` որպես սրբազնագույն պարտք և պատասխանատվություն»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում