ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցելառողջապահության նախարար Հ. Քուշկյանի հետ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համակարգին պետբյուջեից հատկացվող միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանն եւ բուժսպասարկման որակի ու մատչելիության բարելավմանն առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի այսօրվա աշխատանքային հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախարարը ներկայացրել է մարզային բուժհիմնարկների պայմանների, բուժսպասարկման որակի եւ մատչելիության, կադրային ներուժի եւ կառավարման արդյունավետության աստիճանը ճշտելու նպատակով անցած ամիս կատարված ուսումնասիրության արդյունքները: Դրանք հիմք են ծառայելու, որպեսզի մարզերում Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվեն առողջապահության համակարգի զարգացման ներդրումային ծրագրեր: Նախարարը տեղեկացրել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդեն իսկ կսկսվի մարզային 10 հիվանդանոցների հիմնանորոգման եւ բուժսարքավորումների արդիականացման գործընթացը: Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է նախարարին բարձրացնել պետբյուջեից առողջապահության համակարգին հատկացվող միջոցների ծախսման արդյունավետությունը, բարելավել բուժսպասարկման որակը եւ մատչելիությունը, արագացնել օպտիմալացման գործընթացը: Նախագահը նշել է, որ օպտիմալացումը հնարավորություն կտա կատարելագործել կառավարման համակարգը, որի արդյունքում տնտեսվող ýինանսական միջոցները կուղղվեն անապահով խավի բուժսպասարկմանը եւ բուժհիմնարկների զարգացմանը: Քննարկվել են նաեւ առողջապահության համակարգին առնչվող օրենսդրության կատարելագործման հետ կապված հարցեր: