Մշակույթ

Մշակույթի նախարարությունը կաշխատի լուծել Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանի հատակագծման խնդիրը

2 րոպեի ընթերցում

Մշակույթի նախարարությունը կաշխատի լուծել Դիլիջանի  ժողովրդական արվեստի թանգարանի հատակագծման խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը մինչև տարեվերջ կաշխատի լուծել Հովհաննես Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործու­թյան կենտրոնի մասնաճյուղ Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանի հատակագծային նախագծման խնդիրը՝ այն վերանորոգելու նպատակով: «Արմնեպրես»-ի փոխանցմամբ՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին այս մասին հայտնեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Մտահոգիչ էր Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործու­թյան կենտրոնի մասնաճյուղի վիճակը, որտեղ անհրաժեշտ է շենքի ընդհանուր վերականգնման աշխատանքներ իրականացնել: Առաջին հերթին, պետք է կազմել թանգարանի նախագիծը, առանց որի որևէ ներդրումային ծրագիր հնարավոր չէ իրականացնել: Ինչպես նաև պետք է հստակեցնել թանգարանի հայեցակարգը: Այս քաղաքը կարող է առաջատար դեր ունենալ կիրառական արվեստի ձևերում»,- նշեց նախարարը:

Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանն ստեղծվել է 1979թ. բանահավաք և գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ։

Թանգարանի շենքը քաղաքի հնագույն շինություններից է` կառուցված 18-րդ դարավերջին: Տունը պատկանել է իշխանուհի Մարիամ Թումանյանին և ծառայել որպես ամառանոց: Թումանյանն Արցախի մելիքների շառավիղ, շուշեցի ազնվական Մարկոս Դոլուխանյանի դուստրն է: Նա 1890-ական թթ. համիդյան կոտորածներից փրկված գաղթականների համար Դիլիջանում սեփական միջոցներով գորգագործական ֆաբրիկա է բացել, 1919-1920թթ.` որբանոց և արհեստանոցներ: Խորհրդային իշխանության տարիներին Սամսոն Հարությունյանը և Մարիամ Թումանյանը Դիլիջանում գտնվող իրենց ամառանոցը նվիրել են պետությանը:

Սյունազարդ, փայտանախշ պատշգամբով ամառանոցի շենքում հյուրընկալվել են Հովհ. Թումանյանը, Եղիշե Չարենցը, Ֆրիտյոֆ Նանսենը, դերասանուհիներ Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, բանասեր Սերգեյ Վարդանյանը, անվանի գեղա­նկարիչներ, երաժիշտներ:

Տան վերջին բնակիչը Հովհ. Շարամբեյանն էր, որն էլ շենքը վերածել է ժողովրդական արվեստի թանգարանի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում