ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի Խորհրդակցական խորհուրդը (Մեջլիս աշ Շուրա) կայացրել է ինքնավար տարածաշրջանի գործող նախագահ Մասուդ Բարզանիի լիազորությունները երկու տարով երկարաձգելու մասին որոշում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ն, Al Jazeera հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Իրաքի հյուսիս-արևելքում գտնվող տարածաշրջանի օրենսդիր մարմնի նիստը կայացել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում:
Բարզանին Իրաքյան Քրդստանի նախագահն է արդեն 10 տարի: Նա առաջին անգամ այդ պաշտոնում ընտրվել է 2005 թվականի հունիսին` 4 տարի ժամկետով: Այնուհետև, 2009թ. հունիսին նա վերընտրվել է ևս 4 տարի ժամկետով, սակայն պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտին Իրաքյան Քրդստանն արդեն ակտիվ մասնակցում էր ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պայքարին: Մարտական գործողությունների հետ կապված` քրդական խոշորագույն երկու կուսակցությունները` Քրդստանի Ժողովրդավարական կուսակցությունը և Քրդստանի Հայրենասիրական միությունը պայմանավորվեցին երկարաձգել Բարզանիի լիազորությունները ևս 2 տարով` մինչև 2015թ. օգոստոսի 19-ը:
Լուսանկարը` AP