Սպորտ

Գյումրիում ուրախ տրամադրությամբ ճանապարհեցին Համահայկական խաղերի մասնակիցներին

3 րոպեի ընթերցում

Գյումրիում ուրախ տրամադրությամբ ճանապարհեցին Համահայկական խաղերի մասնակիցներին

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ուրախ տրամադրությամբ ճանապարհեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի մասնակիցներին: Գյումրին խաղերում հանդես կգա 13 մարզաձևում՝ 154 մարզիկով. պատվիրակության անդամների ընդհանուր թիվը 300 է: Մինչև մեկնումը, խաղերի՝ Գյումրիի պատվիարակության անդամներին ու մարզիչներին ընդունեց Գյումրու քաղաքապետը: Սամվել Բալասանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին պատվիրակության Երևան մեկնելու, նրանց հյուրանոցներում տեղակայվելու և վերադարձի, ինչպես նաև Գյումրիում անցկացվող խաղերի համար անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ կապված մանրամասները:

Համահայկական ամառային 6-րդ խաղերն այս տարի առաջին անգամ Երևանից բացի կանցկացվեն նաև Գյումրիում: Խաղերի ծրագրով Գյումրիում անց են կացվելու ֆուտբոլի և ֆուտզալի փնջային խաղերը: Ֆուտբոլի խաղերը անցկացնելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտերում և Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում, իսկ ֆուտզալինը՝ Գյումրու քաղաքապետարանի «Ա. Սարգսյանի անվան համալիր մարզադպրոց»-ի դահլիճում:

Հանդիպման վերջում Սամվել Բալասանյանը պատվիրակությանը մաղթեց հաջող մրցելույթներ: «Այսօր բոլորիս համար տոն է: Գյումրին մասնակիցների թվով երկրորդն է Երևանից հետո՝ պատվիրակության շուրջ 300 մասնակից: Համահայկական 6-րդ ամառային խաղերին Գյումրին մասնակցելու է 13 մրազաձևով, ու կունենաք լուրջ հաջողություններ, բայց այս անգամ այդ բարձունքը կլինի նաև բարեկամական: Սա ամենակարևորն է: Բարի երթ եմ մաղթում խաղերի մասնակիցներին»,-նշեց Սամվել Բալասանյանը:

Քաղաքապետը «Արմենպրես»-ի հետ զրույցում նաև վստահեցրեց, որ Գյումրին ամբողջովին պատրաստ է հյուընկալելու խաղերի մասնակիցներին և արվելու է ամեն ինչ, որ խաղերի շրջանակներում Գյումրի այցելած մարզիկներին ու հյուրերին ըստ պատշաճի ընդունելու և նրանց այցը Գյումրի հետաքրքիր դարձնելու համար: «Ամեն ինչ պատրաստ է՝ և Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտերը և Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը և Գյումրու քաղաքապետարանի «Ա. Սարգսյանի անվան համալիր մարզադպրոց»-ի դահլիճը, որը համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է: Պատրաստ են նաև հյուրանոցները»,-փաստեց Սամվել Բալասանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում