ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը ժամանել է Բեյրութ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ազնավուրի ֆեյսբուքյան էջը, այցի նպատակը Բաթրունի միջազգային փառատոնին (Festival international de Bathroun) լեգենդար երգչի մասնակցությունն է: Ազնավուրը համերգով ելույթ կունենա Բեյրութում օգոստոսի 1-ին: Լեգենդար երգիչն այս տարի հասցրել է մի շարք համերգներ ունենալ, և շարունակում է ակտիվ համերգային գործունեություն վարել:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: