Ցեղասպանության տարելիցը չի շրջել ճանաչման և ժխտման միջեւ բալանսը. Վարդան Մարթայան

4 րոպեի ընթերցում

ԲՈւԽԱՐԵՍՏ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություններից արդեն երկու ամիս անց կարող ենք որոշ եզրակացություններ անել, չնայած այն հանագամանքին, որ ամբողջ 2015թ. անցնում է այս տխուր հիշատակի արարողությունների նշանի ներքո:

Վերացավ նախորդ տարիներին ձեւավորված այն տպավորությունը, թե 2015թ. ապրիլի 24-ը լինելու է որոշիչ պահ, երբ կպարզվեն բարոյականության եւ ժխտողականության միջեւ պայքարի հաղթողներն ու պարտվողները: 2015թ ապրիլի 24-ը ոչ մեկի համար ոչ հաղթանակ էր, ոչ պարտություն, ոչ էլ շրջադարձային կետ: Բայց, անկասկած, դա հիասթափություն էր ժխտողների համար. նրանք, ովքեր հույս ունեին, որ 2015թ. ապրիլի 24-ից հետո` այն բանից հետո, երբ հաստատվեր, որ հայերին չի հաջողվել հասնել իրենց ողբերգության համընդհանուր ճանաչմանը եւ նրանք կհանդարտվեն, աշխարհը մեջքով շուռ կգա դեպի հայերը, եւ նրանք իրենց ցավն ու վերքերը կլացեն միայնության մեջ, սխալվում էին:

Սխալվում էին նաեւ նրանք, ովքեր չափից ավելի խանդավառությամբ կարծում էին, թե պրագմատիզմի եւ քաղաքական շահերի պատը փլվելու է 2015թ. ապրիլի 24-ի խորհրդի ծանրության տակ: Գործնականում, Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը չի շրջել ճանաչման եւ ժխտման միջեւ բալանսը, այլ միայն թանձրացրել է երկու ճամբարների միջեւ գտնվող բաժանարար գծերը եւ ավելի տեսանելի է դարձրել երկու մոտեցումների կողմնակիցներին: Ոչ մի ճամբարից «դասալիքներ» չեն եղել. ոչ մի մերժողական (արդյո՞ք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժողական է, թե ոչ) մի գիշերվա մեջ չի ճանաչել այն, ինչ միշտ հերքել է կամ առնվազն ձևացրել, թե չի հասկանում: Ավելի քիչ հավանական էր, որ վիճակը շուռ գար հակառակ իմաստով:

Եթե ուզում ենք բաժակը կիսով չափ լիքը տեսնել, ապա Եվրոպական խորհրդարանի բանաձեւն աննախադեպ է իր բնույթով եւ արվող առաջարկություններով եւ կարող է դիտվել որպես հայկական պահանջատիրության հաղթանակ: Ավելին, որոշ եվրոպական երկրներ, որտեղ շատ ուժեղ է թուրքական լոբբին` Գերմանիան, Բելգիան, կարծես այլեւս այդքան հստակ չեն հայկական ձայներին ի լուր իրենց ականջները փակելու եւ թուրքական ժղտողականությանն ի տես իրենց աչքերը փակելու որոշման մեջ: Մյուս կողմից, չենք կարող ձեւացնել, թե չգիտենք, որ խորհրդատվական ուժ ունեցող բանաձեւեր արդեն տեսել ենք եւ հավանաբար նորից կտեսնենք, առանց արձանագրելու իրական փոփոխություն Թուրքիայի եւ Հայկական հարցի հանդեպ արեւմտյան երկրների քաղաքականության մեջ: Հիշենք, որ Եվրոպական միության հետ Թուրքիայի անդամակցության բանակցություններն սկսելուց առաջ հայերը հույս ունեին, թե Ցեղասպանության ճանաչման հարցը լինելու է անդամակցության նախապայմանններից: Նույնիսկ նախանշաններ կային, թե այն նկատի կառնվի: Բայց իզուր. ոչ ոք չլսեց 2007թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում հավաքված` «Ոչ ժխտողական Թուրքիային Եվրոպայում» գոռացող հայերին:

Այսօր Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թերեւս հնարավոր է, որ գա այն օրը, երբ Եվրոպական խորհրդարանը կոչ անի Եվրահանձնաժողովին, կամ ինչու ոչ` ԵՄ խորհրդին, որպեսզի Թուրքիայի անդամակցության առջեւ դրվի Հայոց ցեղասպանության ճանաչման նախապայմանը: Գուցե Եվրոպական խորհրդարանի այս կոչը` այսօր ենթադրական, արձագանք ստանա:

ՎԱՐԴԱՆ ՄԱՐԹԱՅԱՆ

Ararat հանդեսի խմբագիր

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին