Հովիկ Աբրահամյանն ու Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր` ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընթացքը և նշել, որ երկուստեք առկա է քաղաքական կամք և հանձնառություն՝ էլ ավելի խորացնելու և ամրապնդելու փոխգործակցությունը:

«Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, որի հետ մեր համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում», - ընդգծել է կառավարության ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է մեր երկրում ԵՄ աջակցությամբ մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումները և նշել, որ դրանց արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև ԵՄ և ԵԱՏՄ շրջանակում ՀՀ հանձնառությունները ներդաշնակեցնելու նպատակով ստեղծվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դոնալդ Տուսկը նշել է, որ ուրախ է նորից գտնվել բարեկամ Հայաստանում և քննարկել ՀՀ-ԵՄ կապերի սերտացման հեռանկարները: «Որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ համոզված եմ, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրոպական միության համար այս տարածաշրջանում, և Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո ԵՄ-ն պատրաստակամ է նոր թափով շարունակել համագործակցությունը: Մենք նաև ձեր կողքին ենք բարեփոխումների ձեր օրակարգում, որը հավակնոտ է, և համոզված եմ, որ Ձեր անձնական հանձնառությամբ այն կյանքի կկոչվի», - նշել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները վերահաստատել են մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, հանրային կառավարման և մի շարք այլ ուղղություններով գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և անդրադարձել Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, քաղաքացիների շփումների խթանմանը և ԵՄ հետ ազատ տեղաշարժի ապահովմանը, ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ բանակցություններին վերաբերող և այլ հարցերի:

Վարչապետը և ԵԽ նախագահը համոզմունք են հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին և կնպաստի բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Դոնալդ Տուսկը բարձր է գնահատել վարչապետ Աբրահամյանի հանձնառությունը՝ ձեռք բերվող պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում և նշել, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել ֆինանսական աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ԵՄ շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Իր հերթին Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և Եվրոպական միությունը շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցի շուրջ:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար՝ նշելով, որ հայ ժողովուրդը շնորհակալ է բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին ու անհատներին, որոնք հայ ժողովրդի հետ միասին առ այսօր պայքարում են պատմական արդարության վերականգնման, ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման համար:

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին