Մշակույթ

Նաստասյա Կինսկին մասնակցեց «Ոսկե ծիրան»-ի փակման ֆիլմի ցուցադրությանը

2 րոպեի ընթերցում

 Նաստասյա Կինսկին մասնակցեց «Ոսկե ծիրան»-ի փակման ֆիլմի ցուցադրությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը եզրափակվեց անվանի հայ ռեժիսոր, հայկական կինոյի հիմնադիր համարվող Համո Բեկնազարյանի «Նամուս» ֆիլմի ցուցադրությամբ: Հուլիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացված ցուցադրությանը մասնակցեց նաև փառատոնի պատվավոր հյուր, անվանի դերասանուհի Նաստասյա Կինսկին:

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը ցուցադրությունից առաջ ընդգծեց, որ փակման ֆիլմի ընտրությունը պատահական չէր:

«Ֆիլմով սկսվում է հայկական կինոյի պատմությունը: Այն նկարհանավել է 1925 թվականին, ֆիլմի հեղինակը Համո Բեկնազարյանն է, ով հայկական և համաշխարհային կինոյում կարևոր նշանակություն ունեցող ռեժիսոր է: Այս ֆիլմը համր է, բայց թվայնացված և վերականգնված տարբերակն ենք ձեզ ցույց տալու, որն իրականացվել է Ֆրանսիայում: Ֆիլմը կարևոր է ամբողջ համր կինոյի պատմության համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Րաֆֆի Մովսիսյանը՝ հաճելի դիտում մաղթելով ներկաներին և հրավիրելով նրանց հուլիսի 19-ին դիտելու «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր կինոնկարները:

«Նամուս» ֆիլմի հիմքում Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վիպակն է: Երիտասարդ զույգի՝ Սեյրանի և Սուսանի սիրո պատմությունը նահապետական նախապաշարմունքների պատճառով ողբերգական վախճան է ունենում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում