Հասարակական

«Հայաստան» հիմնադրամը բնակարաններ է նվիրել Գյումրիի անօթևան ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» հիմնադրամը բնակարաններ է նվիրել Գյումրիի անօթևան ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը բնակարաններ է նվիրաբերել Գյումրիի անօթևան կարիքավոր ընտանիքներին: 2014 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում գնվել է 17 բնակարան. 12 ընտանիք արդեն նշել է նորամուտը: Բնակարանները բարենորոգ են, կահավորված եւ հագեցած անհրաժեշտ տեխնիկայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, բնակարանները ձեռք են բերվել 2014թ. սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ARTN Shant հեռուստաընկերության հետ համատեղ անցկացված հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարներով: Նախաձեռնության շրջանակներում բնակարաններ են նվիրաբերել անհատ բարերարներ Անդրանիկ Բաղդասարյանը, Վահե Կարապետյանը, Հարո Ջորդանը, Հայկ Քելեջյանը, Սամվել Բալասանյանը եւ ARTN Shant ընկերությունը:

Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանի նախաձեռնությամբ ծրագրին միացել է նաեւ գերմանահայ համայնքը, որի հանգանակություններով բնակարաններ է նվիրաբերվել միայնակ մայրեր Աննա Սարգսյանի եւ Ռուզաննա Եղոյանի ընտանիքներին:

Բոլոր այս ընտանիքներն ապրում էին ծայրահեղ անբարենպաստ պայմաններում` նկուղներում կամ խարխուլ տնակներում ու հանրակացարանի սենյակներում, զուրկ կենցաղային տարրական պայմաններից: Տարագիր ճակատագրերով այս ընտանիքներն արդեն իսկ ունեն սեփական կացարան եւ կարող են հարմարավետ պայմաններում մեծացնել իրենց երեխաներին: «Ամեն կերպ ջանում էի, որ երեխաներս սոված չմնան, բայց տուն ունենալու մասին նույնիսկ չէի կարող երազել»,- հուզմունքը չթաքցնելով` պատմել է միայնակ մայրերից Ռուզաննան:

Հունիսի 28-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել ARTN Shant հեռուստաընկերության հետ համատեղ երկրորդ հեռուստամարաթոնը, որի հանգանակած գումարներով առաջիկա ամիսների ընթացքում կգվեն նոր բնակարաններ: «Ծրագիրը շարունակական է լինելու», - տեղեկացրել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում