Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ վարչապետն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ հուլիսի 14-ին այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Հպարտությամբ եմ նշում, որ մեր երկու երկրների միջև փոխադարձ վստահության վրա կերտված հարաբերություններն այսօր արդարացիորեն բնորոշվում են որպես առանձնաշնորհյալ, իսկ հայ և ֆրանսիացի ժողովուրդներն իրար հետ կապված են պատմամշակութային բազմադարյա կապերով: Մեր երկրների միջև այսօր առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որի վառ դրսևորումն են հանդիսանում մեր նախագահների միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը և ինտենսիվ փոխշփումները: Հայ-ֆրանսիական օրինակելի համագործակցության հերթական ապացույցն էր նաև վերջերս Ֆրանսիա կատարած իմ աշխատանքային այցը, որի ընթացքում մեր պատվիրակությունն արժանացավ ամենաջերմ ընդունելության, ինչի համար ցանկանում եմ վերստին անկեղծ երախտագիտություն հայտնել Ֆրանսիայի վարչապետին և իշխանություններին:

Հայ-ֆրանսիական բազմաոլորտ օրակարգում առաջնային նշանակություն ունի առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Շուրջ 23 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում էլ ավելի են սերտացել միջխորհրդարանական կապերը, նշանակալիորեն ընդլայնվել է ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի և Ֆրանսիայի վարչատարածքային միավորների միջև, Լիոնում և Մարսելում բացվել են Հայաստանի գլխավոր հյուպատոսություններ, աշխույժ համագործակցություն է ծավալվում մշակութային և գիտակրթական ոլորտներում, երկու տարի առաջ Հայաստանում իր գործունեությունն է մեկնարկել Զարգացման ֆրանսիական գործակալությունը: Հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության լավագույն հարթակներից է հանդիսանում նաև Ֆրանկոֆոնիան, որին Հայաստանն անդամակցում է արդեն երեք տարուց ի վեր:

Նշված ձեռքբերումների մեջ, անկասկած, իրենց ծանրակշիռ ավանդն ունեն նաև ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում և Ֆրանսիայում գործող երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները: Օգտվելով առիթից` ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, պարոն դեսպան, և Ֆրանսիայի դեսպանության անձնակազմին ձեր պատասխանատու առաքելության համար` միտված հայ-ֆրանսիական համագործակցության էլ ավելի ընդլայնմանը:

Չեմ կարող չնշել նաև այն կարևորությունը, որ հատկացնում է Հայաստանը Ֆրանսիային` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի և նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կողմից ներդրվող հետևողական ջանքերը` ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման:

Համոզված եմ, որ Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերը կհարատևեն` ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհավորել Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այլև յուրովի կամուրջ են մեր բարեկամության ամրապնդման գործում: Եզրափակելով խոսքս` մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ` Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին մաղթելով խաղաղություն և բարեկեցություն, իսկ հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ նորանոր ձեռքբերումներ»:

Հայերեն English

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ