Տարածաշրջանային

Թուրքիայի ազգայնական կուսակցությունը հրաժարվել է կոալիցիա կազմել Դավութօղլուի հետ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ազգայնական կուսակցությունը հրաժարվել է կոալիցիա կազմել Դավութօղլուի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ իրենց դռներն ամբողջությամբ փակ են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիայի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:

Պատասխանելով թուրք լրագրողի հարցերին՝ Բահչելին նշել է, որ կոալիցիայի ամենաիդեալական տարբերակը կլինի ԱԶԿ համագործակցությունը քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հետ: Նա վերահաստատել է ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու իրենց նախապայմանները, որոնք են՝ թուրք-քդրական հաշտեցման գործընթացի դադարեցումը, 2013 թվականի դեկտեմբերին «Մեծ կաշառք» գործի ամբողջությամբ բացահայտումը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նորկառույց պալատից դուրս գալով Չանքայայի պալատ տեղափոխվելը:

Ազգայնական կուսակցության առաջնորդը նշել է, որ ԱՇԿ-ն պատրաստվում է լինել Թուրքիայի առողջ և ուժեղ ընդդիմությունը:

Ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա օրերի ընթացքում վարչապետին կհանձնարարի կառավարություն կազմելու գործը: Քանի որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում որևէ կուսակցության չի հաջողվել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը միակուսակցական կառավարություն կազմելու համար, նախագահի հանձնարարականից հետո 45 օրերի ընթացքում մեջլիս անցած կուսակցությունները պետք է գան համաձայնության կոալիցիոն կառավարություն կազմելու հարցի շուրջ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չկազմվի, ապա երկրում կհրավիրվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում