Սաքսոֆոնը սկսել եմ սիրել նվագելու ընթացքում. Էդուարդ Ներսիսյանի «Նորամուտ»-ը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու, դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր սաքսոֆոնահար Էդուարդ Ներսիսյանը փաստում է՝ սաքսոֆոն սկսել է սիրել նվագելու ընթացքում: Չարաճճի երեխայի ծնողները որոշել էին այնպես անել, որ Էդուարդի էներգիան ինչ-որ տեղ սպառվի: Հետո սաքսոֆոնը դարձավ նրա կյանքի անբաժանելի մասը: «Արմենպրես»-ն իր նոր շարքով ներկայացնում է Էդուարդ Ներսիսյանի «Նորամուտ»-ը:

Սաքսոֆոնի ընտրությունը պատահական եղավ…

Ծնվել եմ 1991 թվականին, հաճախել եմ Նիկոլ Աղբալյանի անվան անվան 19 միջնակարգ դպրոց, ինչպես նաև Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաքսոֆոնի բաժին՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի դասարան: Սովորել եմ Երևանի պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի փողային բաժնում՝ կրկին պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի մոտ: Սաքսոֆոնի ընտրությունը շատ պատահական ստացվեց, սաքսոֆոն սկսել եմ սիրել նվագելու ընթացքում, երբ գնացել եմ սովորելու: Կան մարդիկ, որ ասում են, թե 6 տարեկանում զգացին, որ ջութակ շատ են սիրում: Ես ահավոր չար երեխա էի, ծնողներս որոշեցին տալ ինչ-որ փողային գործիքի, որ էներգիաս մի տեղ սպառվի: Սպորտի էլ էի գնում, բայց էներգիաս չէր սպառվում: Սովորելու ընթացքում սկսեցի սիրել գործիքը: Հեշտ էր ստացվում սկզբից էլ:

Փառատոնային հաղթարշավի սկիզբը

11 տարեկանից եմ գնացել սաքսոֆոնի: Առաջին փառատոնին մասնակցել եմ, երբ դեռ 6 ամիս էի պարապում սաքսոֆոն, ուսումնասիրում այն որպես գործիք: Փորձնական որոշեցին, որ հայ-բրիտանական սաքսոֆոնահարների փառատոնի պետք է մասնակցեմ, ես էլ չէի սպասում, որ միանգամից հաջողություններ կլինեն. դարձա փառատոնի դափնեկիր, գալա համերգին մասնակցեցի: Սա ինձ համար խթան հանդիսացավ, որ ավելի նվիրված գործին վերաբերվեմ, զգացի, որ ամեն ինչ կստացվի: Դրանից հետո սկսվեց նվիրված պարապելու շրջանը, մասնակցեցի մի շարք մրցույթների, համագործակցության հրավերներ ստացա կազմակերպություններից՝ Նոր անուններից, հետո Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի կրթաթոշակառու, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր դարձա:

Սպիվակովի հետ առաջին անգամ հանդիպել եմ 2004 թվականին…

Սպիվակովի հետ բազում անգամներ եմ հանդիպել: 2004 թվականին առաջին անգամ Մոսկվայում հանդիպեցինք՝ իր «Մոսկվան դիմավորում է ընկերներին» փառատոնի ընթացքում, նվագեցի նրա նվագախմբի հետ: Դրանից հետո շատ են եղել փառատոններ, որոնք Սպիվակովն է կազմակերպել կամ էլ հրավիրել մասնակցելու: Երբ գալիս է Հայաստան, միշտ հանդիպում է հիմնադրամի անդամների հետ:

ՀՀ Նախագահի մրցանակ ստանալու մասին

2010 թվականին եմ ստացել ՀՀ Նախագահի մրցանակը՝ գործիքային կատարում անվանակարգում: Շատ պարտավորեցնող մրցանակներ էլի են եղել: Ինձ համար նաև պարտավորեցնող է, երբ Հայաստանը և մեր կատարողական արվեստը ներկայացնում եմ արտասահմանում: Ելույթներ եմ ունեցել տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Իտալիայում:

…Ամեն մի ելույթ էլ յուրահատուկ է, որովհետև ամեն մեկի ժամանակ էլ տարբեր հանդիսատեսներ են լինում, տարբեր մթնոլորտ է տիրում:

Տարբեր ժանրերի երաժշտություն լսելու մասին

Տարբեր ժանրերի երաժշտություն եմ լսում՝ հիմնականում դասական, ջազ, ռոք էլ եմ լսում, ինչու ոչ՝ նաև էլեկտրոնային, որովհետև այնտեղ էլ հետաքրքիր մոտեցումներ կան: Միայն թե հետաքրքիր մոտեցում լինի:

Առաջիկա ծրագրեր

Այժմ դասավանդում եմ Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, օգոստոսին հնարավոր է Իտալիայում մրցույթ-փառատոնի մասնակցեմ: Բացի դրանից, ընկեր-երաժիշտներիս հետ սեպտեմբերի սկզբին նախատեսում ենք հանդիսատեսին ներկայացնել արգենտինական տանգո ՝ գործիքային կատարմամբ:

Ճաշակով երաժշտության քարոզումն առաջնային նպատակ

Հասարակության ինչ-որ մաս կարող է հասկանալ դասական երաժշտություն, ցանկանալ լսել, մնացածները լսում են այն, ինչ իրենց քարոզվել է, ինչ լսվել է: Այսօր հիմնական մեծ խնդիրը դասական ճաշակով երաժշտության քարոզումն է:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հանրության դատին է հանձնում նոր՝ «Նորամուտ» խորագրով շարքը: Շարքի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավոր ևստեղծագործող երիտասարդներին՝ դերասաններ, ռեժիսորներ, բեմադրիչներ, նկարիչներ,երաժիշտներ և այլն, պատմել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչխնդիրների են բախվում ստեղծագործելիս և աշխարհը փոխելու ինչ ծրագրեր ունեն:

Հեղինակ՝ՌոզաԳրիգորյան

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում