Հասարակական

Արմեն Մուրադյանը գոհ է Վանաձորի բժշկական նոր համալիրի կառուցման որակից

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը գոհ է Վանաձորի բժշկական նոր համալիրի կառուցման որակից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի, Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար Վեզի Մսիշայի ուղեկցությամբ այցելել է Վանաձորի բժշկական համալիրի շինհրապարակ։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանը մանրամասն ծանոթացել է շինարարության ընթացքին, զրուցել է կառուցողների հետ։ Նրանք նախարարին վստահեցրել են, որ բոլոր աշխատանքները կիրականացվեն նախանշված ժամկետներում։ Նախարարն իր գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների որակի ապահովման կապակցությամբ։

Շինարարական աշխատանքների ավարտից Համաշխարհային բանկը բժշկական նոր կենտրոնը կհագեցնի բժշկական և ախտորոշիչ սարքավորումներով, կահույքով և պարագաներով:

Արդյունքում Վանաձորում կունենանք բազմապրոֆիլ արդիական բժշկական կենտրոն` ախտորոշիչ լայն հնարավորություններով, ժամանակակից վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման բաժանմունքներով, հարմարավետ հիվանդասենյակներով:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ հենց շինհրապարակում քննարկվել են բժշկական կենտրոնի սարքավորումներով և կահույքով հագեցման ժամկետները։

«Մեծ սպասելիքներ ունենք Վանաձորի հիանալի նոր կենտրոնից»,-ասել է Արմեն Մուրադյանը` շինարարներին հորդորելով շարունակել աշխատել նույն պատվախնդրությամբ։

Լոռու մարզի և հատկապես Վանաձորի բնակչությունը երկրորդային և երրորդային բժշկական ծառայություններ կստանա տեղում:

Համալիրի հիվանդանոցային մասնաշենքը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ մանկաբարձագինեկոլոգիական մասնաշենքը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում