Պաշտոնական

Սերժ Սարգսյանն ընդգծել է Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն ընդգծել է Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են օգոստոսի 2-ին մեկնարկող Համահայկական խաղերի նախապատրաստման կազմակերպչական աշխատանքների ընթացքը և մինչև խաղերի բացումն իրականացվելիք աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ (կազմկոմիտեի նախագահ) Իշխան Զաքարյանը զեկուցել է, որ խաղերի հանդիսավոր բացումը կատարվելու է Հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 13-ին, Թատերական հրապարակում: «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո խաղերը անցկացվելու են Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում: Համահայկական խաղերին, ըստ կանոնադրության, մասնակցում են քաղաքների հավաքական թիմերը:

Կազմկոմիտեի նախագահը ներկայացրել է խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերը, այդ մարզաձևերից յուրաքանչյուրի մասով մինչ այժմ ստացված հայտերը, նաև հայտ ներկայացրած քաղաքների և մասնակիցների թիվը, որոնք կամփոփվեն հայտերի ընդունման վերջնաժամկետից՝ հուլիսի 15-ից հետո: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են նաև Համահայկական խաղերի տարեգրությունը՝ սկսած 1999 թվականից, մարզակառույցների վիճակը, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների մասով ծրագրված աշխատանքները:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը և տվել համապատասխան հանձնարարականներ՝ շեշտելով, որ Համահայկական 6-րդ խաղերն անցկացվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում և պահանջում են բոլոր պետական մարմիններից ու միջոցառման պատասխանատուներից առավելագույն ջանքեր՝ այն պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում