Հասարակական

Երևանը տարածաշրջանի զբոսաշրջային կենտրոն դառնալու հավակնություն ունի

2 րոպեի ընթերցում

Երևանը տարածաշրջանի զբոսաշրջային կենտրոն դառնալու հավակնություն ունի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը ցանկանում է, որ մայրաքաղաքը դառնա տարածաշրջանի զբոսաշրջային կենտրոն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հունիսի 17-ին նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:«Սա իրենից շատ ծավալուն աշխատանք է ենթադրում: Մենք գործընթացը սկսել ենք Երևան քաղաքի բրենդի մշակմամբ, մեր աշխատանքները 1,5 տարի շարունակվում են, և մեծ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մարիա Բարաղամյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետը զբոսաշրջության զարգացման ոլորտում կարևորում է նաև «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղու աշխատանքը: «Փառատոնային զբոսաշրջությունը ևս կարևոր է: Արդեն երրորդ տարին քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվում է «Երևանյան ամառ» ծրագիրը, որի նպատակն է ապահովել ժամանցը Երևանում»,-նշեց նա:

Մարիա Բարաղամյանի խոսքով՝ ընդունված է, որ հաճախ հատուկ փառատոններին մասնակցելու նպատակով այցելում են այս կամ այն քաղաք: «Մեր նպատակն է ստեղծել այնպիսի փառատոններ, որոնք Երևան կբերեն զբոսաշրջիկներին: Նախորդ տարի կազմակերպեցինք Գարեջրի, Հացը լեռներում, Ձմերուկի և այլ փառատոններ»,-նշեց նա:

2015 թվականի հունվար- մարտի վիճակագրությամբ՝ 9 տոկոս աճ է գրանցվել ներքին զբոսաշրջության տեսանկյունից: «Ցանկացած զբոսաշրջիկ, ով այցելում է որևէ քաղաք, իր հետ տանում է և հիշում է առաջին հերթին այդ քաղաքի համն ու հոտը, հետո տեսարժան վայրերը: Երևանը հարուստ է տարբեր խոհանոցային դրսևորումներով, հայկական ուտեստներով և մեր զբոսաշրջիկները շատ են սիրում այցելել տարբեր երևանյան ռեստորաններ»,-հավելեց Մարիա Բարաղամյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում