Հասարակական

Արմեն Մուրադյանն անձամբ վիրահատել է ուռուցքաբանության կենտրոնում բուժում ստացող հիվանդին

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանն անձամբ վիրահատել է ուռուցքաբանության կենտրոնում բուժում ստացող հիվանդին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն աշխատանքային այցի շրջանակում վիրահատել է հիվանդներից մեկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Ուռուցքաբանության կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկի, ինչպես նաև Ուրոլոգիական բաժանմունքի և ամբիոնի աշխատակիցների խնդրանքով Արմեն Մուրադյանը վիրահատել է հիվանդին` հաշվի առնելով վիրահատության բարդությունը: Ներմիզուկային մասնատման վիրահատությունն անցել է բարեհաջող: Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար:

Նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացել է նաև կենտրոնում իրականացվող բարեփոխումներին:Մասնավորապես` վերանորոգվել և այցելուներին նորովի է ներկայանում առաջին հարկում տեղակայված ընդունարանը, որտեղ կատարվում է հիվանդների հերթագրումը:Ընդարձակ սրահներում էլեկտրոնային եղանակով կատարվում է հերթագրում, ամբուլատոր քարտերի բացում, ձևակերպվում է հիվանդության պատմագիրը:

Այս նորարարությունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի խոսքով, հնարավորություն է տալիս խուսափելու հերթերի գոյացումից, ինչը դժգոհություն էր առաջացնում հիվանդների շրջանում:Օրական այստեղ սպասարկվում է ավելի քան 200 այցելու:Բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև հիվանդանոցի հարակից տարածքում, վերանորոգվել է աստիճանավանդակը:

Արմեն Մուրադյանը գոհունակություն է հայտնել նկատելի դրական տեղաշարժից, ինչպես նաև տվել հանձնարարականներ հատկապես առանձին բաժանմունքներում դեռևս շարունակվող հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է բուժանձնակազմին, զրուցել հիվանդների հետ, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկները:

Նա շրջել է նաև ճառագայթային բուժման բաժանմունքում, ծանոթացել սարքավորումների հնարավորություններին: Հետաքրքրվել մատուցվող ծառայությունների ծավալներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում