Քաղաքականություն

Անկարան սպառնում է վերադարձնել՝ Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող Եվրախորհրդարանի զեկույցը

2 րոպեի ընթերցում

Անկարան սպառնում է վերադարձնել՝ Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող Եվրախորհրդարանի զեկույցը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանը հունիսի 10-ի լիագումար նիստին ընդունել է Թուրքիայի առաջընթացի մասին 2014 թվականի զեկույցը, որով այդ երկրի կառավարությանը կրկին կոչ է արելճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնական Անկարան սպառնում է այն ետ վերադարձնել՝ առանց բացելու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Hurriyet Daily News-ը, Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը զեկույցն անընդունելի է անվանել և հայտարարել, որ առանց բացելու հետ կուղարկեն այն:

Թուրք նախարարը նշել է, որ «ԵԽ բանաձևը 1915-ի իրադարձությունների մասին» իբր թե վերջին պահին են ավելացվել Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ զեկույցում:

«Այդ հղման պատճառով մենք անընդունելի ենք համարում այս զեկույցը», - ասել է նա՝ հավելելով, թե Թուրքիան երբեք չի ընդունել և չի ընդունի 1915-ի իրադարձությունների որակումը որպես ցեղասպանություն:

ԵԽ ընդունած զեկույցն ընդհանուր առմամբ բացասական է գնահատում Թուրքիայի առաջընթացը, մասնավորապես, մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության, փոքրամասնությունների իրավունքների ոլորտներում, ինչպես նաև՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Հունաստանի դեմ և Կիպրոսի Հանրապետության չճանաչումը:

Զեկույցի ներածականում է հղում արվում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին»:

Սա առաջին անգամն է, որ 2005 թվականից ի վեր ԵԽ զեկույցում վկայակոչվում է Հայոց ցեղասպանության հարցը: Հենց այդ թվականին էր, որ Թուրքիան դարձավ Եվրամիության անդամության թեկնածու՝ մի շարք պարտավորություններ ստանձնելով ԵՄ-ի առջև:

Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունել է Եվորպայի խորհրդարանի այս քայլը և ընդգծել է, որ Եվրոպական խորհրդարանը նորից ցույց տվեց, որ չի ենթարկվում Թուրքիայի ճնշումներին և Թուրքիայի՝ Եվրամիության գործերով նախարար Վոլքան Բոզքըրի սպառնալիքներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում