Հինգ մեգա-հրատարակություններ վերահսկում են գիտական աշխարհի կեսը. գիտնականներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտական գրականության եւ պարբերական հրատարակությունների ընդգրկուն վերլուծությունը ցույց Է տվել, որ հինգ խոշորագույն հրատարակչական տներ՝ Elsevier-ը, Wiley-ը, Taylor & Francis-ը, Sage-ը եւ Springer-ն, այսօր վերահսկում են գիտական աշխարհի ավելի քան 50 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է PLoS One բաց գիտական հանդեսում հրապարակված հոդվածում:

«Այդ բոլոր առեւտրային ընկերությունները վիթխարի վաճառքներ ունեն, եւ դրանց շահույթի նորման կազմում Է շուրջ 40 տոկոս: Ու թեեւ չի կարելի ժխտել, որ հրատարակիչները կարեւոր դեր են խաղացել գիտական գիտելիքների տարածման գործում տպագիր մամուլի դարաշրջանում, չափազանց կասկածելի Է, որ մենք նման ծառայությունների եւ դրանց գների կարիքն ունենք թվային տեխնոլոգիաների դարում»,- հայտարարել Է Վինցենտ Լարիվիերը Մոնրեալի (Կանադա) համալսարանից:

Ինչպես պարզել են Լարիվիերը եւ նրա գործընկերները, գիտական մամուլում «մենաշնորհատեր»-հրատարակչական տների բաժինն սկսել Է սրընթաց աճել վերջերս: Տակավին 1976 թվականին «թոփ-5» հրատարակիչների բաժինը կազմում Էր հրատարակվող գիտական տեղեկատվության ընդհանուր ծավալի սոսկ 20 տոկոսը, եւ նույնիսկ 1996 թվականին այն մնում Էր 30 տոկոսի նշագծին:

Նման մենատիրության հաստատումը, Լարիվիերի եւ նրա գործընկերների կարծիքով՝ միանգամայն բացասական երեւույթ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский