Կարճամետրաժ ֆիլմերի նոր սիրահարը. Անդրանիկ Հարությունյանի «Նորամուտը»

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երիտասարդ ռեժիսոր Անդրանիկ Հարությունյանն արվեստի սիրահար է: 25-ամյա ռեժիսորը խոստովանում է՝ արվեստի բոլոր ճյուղերի համադրությունն ինքը տեսնում է հենց կինոյում, և իր կյանքն առանց կինոյի չի պատկերացնում: «Արմենպրես»-ն իր նոր շարքով ներկայացնում է Անդրանիկ Հարությունյանի «Նորամուտ»-ը:

Կինոյի աշխարհը և երիտասարդ ռեժիսորը

Ես սիրում եմ արվեստի բոլոր ճյուղերը՝ նկարչություն, կերպարվեստ, պարարվեստ, երգարվեստ…Այդ ամենի համադրությունը՝ միքսը, ես տեսա կինոյում: Եվ փորձեցի հայտնվել այն աշխարհում, որն ինձ շատ գրավեց: Ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ «Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա» բաժին, չորս տարի սովորեցի, և նախորդ տարի ավարտեցի: Այս չորս տարիների ընթացքում ունեցել եմ հաջողություններ. ունեմ արդեն հինգ կարճամետրաժ ֆիլմ: Սկսած առաջին աշխատանքից՝ մասնակցեցի տեղական փառատոններից մեկին՝ «Web Ծիրան»-ին, և արժանացա խրախուսական մրցանակի, որն էլ ավելի ինձ ոգևորեց հետագա աշխատանքներում:

Ամեն ինչ սկսվեց «Закат»-ից («Մայրամուտ»)

Իմ առաջին ֆիլմն էր: Այն էտյուդ էր. իմ վարպետից՝ Սուրեն Բաբայանից, խորհուրդ հարցրի, և նա ասաց, որ կարող եմ նկարահանել այն: Շատ հետաքրքիր կառուցվածք ունի: Ընդհանրապես չեմ սիրում պատմել իմ ֆիլմերի մասին, նախընտրում եմ, որ հանդիսատեսը դիտի, և ինքն իր կարծիքն ասի: Այստեղ ոչ ստանդարտ մոտեցում է ցուցաբերվել:

Անդրանիկի հեքիաթը շարունակվեց «Ոսկե ծիրան»-ում

Հետո ստեղծվեց «Հեքիաթ» ֆիլմը: Այն պատմում է մի տարեց կնոջ մասին, ով իր կյանքի վերջին փուլում իրեն շրջապատված խաղալիքներից հեքիաթ է ուզում: «Հեքիաթ» -ը տատիկի կյանքի վերջին րոպեների ապրումներն են, ներքին աշխարհն է նկարագրված: Ֆիլմն ընդգրկվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում: Երբ մասնակցում ես միջազգային կինոփառատոնի, շատ մեծ պարտավորություն է հետագա գործերի համար, շատ ուրախացա և ոգևորվեցի: Ֆիլմը նաև ցուցադրվեց Բուլղարիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում:

Հեքիաթից՝ «անցում» իրականության

«Գորգեր» վավերագրական ֆիլմը երրորդ աշխատանքն էր: ԵԹԿՊԻ Լեհաստանից մասնագետներ էին եկել, մեկամսյա դասընթաց տեղի ունեցավ, որի ընթացքում էլ նկարահանեցի այս ֆիլմը: Այն պատմում է մի թաղամասի բնակիչների առօրյայի մասին, որոնք իրենց բակում գորգ են լվանում: Այդ ընթացքում հարևաններից մեկը մահանում է: Այդ ամենն իրական պատմություն է: Մեզ անձրև պետք չէր, բայց եկավ անձրև, որը ֆիլմին մոգականություւն հաղորդեց: Այս տարի «Web Ծիրան»-ում ֆիլմը երրորդ մրցանակի արժանացավ: Դրանից հետո նկարահանեցի մեկ րոպեանոց «Երազ տեսա՝ կինոյում էի» ֆիլմը, որը մասնակցեց Օրանժի մրցույթին, և ես հնարավորություն ստացա մասնակցել Կաննի կինոփառատոնին: Հինգերորդ՝ «Արտ Հոթել» ֆիլմը, դիպլոմային աշխատանքս էր: Այստեղ, որպես ստեղծագործող, մեծ աճ եմ տեսնում: Այս տարի այն կցուցադրվի «Ոսկե ծիրան»-ի արտամրցութային ծրագրում:

Կաննի կինոփառատոնում դիտեցի Խազանավիչուսի ֆիլմը…

Նախորդ տարի հնարավորություն ստացա երկու օր լինել Կաննում, և մասնակցեցի Միխայիլ Խազանավիչուսի «The Search» («Փնտրտուք» ) ֆիլմի ցուցադրությանը: Ի դեպ, նա օսկարակիր ռեժիսոր է: Այդ երկու օրերն այնքա՜ն հագեցած էին: Շատ մեծ բավականություն ստացած վերադարձա, և սկսեցի մոնտաժել «Արտ Հոթել» ֆիլմը:

Կարճամետրաժ ֆիլմեր նկարելը բարդ է…

Կարճամետրաժ ֆիլմ նկարահանելն աշխարհում ընդունված տարբերակ է, բոլոր դասական ռեժիսորներն սկսել են հենց կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելուց: Կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելն ավելի բարդ է: Իհարկե, լիամետրաժ ֆիլմ նկարահանելու ցանկություն կա, բայց երբ կարող ես քո միտքը, գաղափարը ներկայացնել ընդամենը 25 րոպեում, պետք չէ ձգել, դարձնել մեկ ժամ. այն կդառնա ավելի անհետաքրքիր: Առաջիկայում կարճամետրաժ ֆիլմեր եմ պատրաստվում նկարահանել:

Առաջին մրցանակը՝ որպես բեմանկարիչ

Երբ «Արթ Հոթել» ֆիլմը ցուցադրվեց որպես դիպլոմային աշխատանք, Նարինե Մալյանը՝ Հենրիկ Մալյանի թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ֆիլմը դիտելուց հետո առաջարկեց աշխատել թատրոնում՝ որպես բեմանկարիչ Ջոն Պատրիկի «Սիրելի Պամելա» ներկայացման վրա, մեծ հաճույքով ընդունեցի հրավերը: Այս տարվա «Արտազավազդ» մրցանակաբաշխության ընթացքում այն հաղթեց «Տարվա լավագույն ներկայացում» և «Տարվա լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգերում: Վերջինն իմ առաջին մրցանակն էր որպես բեմանկարիչ, և շատ ոգևորիչ է, երբ գնահատում են:

«Վերջին բնակիչը»

Որպես բեմանկարիչ այժմ չեմ աշխատում: Հիմա որպես ռեժիսորի օգնական աշխատում եմ Ջիվան Ավետիսյանի հետ՝ իր նոր՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի վրա (ֆիլմի համար երաժշտություն է գրում աշխարհահռչակ Սերժ Թանկյանը-հեղ.): Ջիվանի հետ Կաննում ենք ծանոթացել: Շատ հաճելի է միասին աշխատել:

Երիտասարդ ստեղծագործողների խնդիրների մասին

Հայաստանում շատ հաճախ մարդիկ, ովքեր կարող են քեզ օգնել, ասենք, մեկ աթոռով, չեն օգնում: Ամենաբարդ խնդիրը դա է: Երկրորդն, իհարկե, ֆինասնավորումն է, շատ բարդ է հայթայթել:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հանրության դատին է հանձնում նոր՝ «Նորամուտ»խորագրով շարքը: Շարքի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավոր ևստեղծագործող երիտասարդներին՝ դերասաններ, ռեժիսորներ, բեմադրիչներ, նկարիչներ,երաժիշտներ և այլն, պատմել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչխնդիրների են բախվում ստեղծագործելիս և աշխարհը փոխելու ինչ ծրագրեր ունեն:

Հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը