ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կեսգիշերին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Հունիսի 6-ին, ժամը 00.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և բռնկվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են 1994թ. ծնված Վ. Մ.-ն, 1991թ. ծնված Վ. Ա-ն, 1993թ. ծնված Գ. Ղ.-ն, 1993թ. ծնված Ա. Տ.-ն, 1991թ. ծնված Գ. Պ.-ն, 1993թ. ծնված Կ. Խ.-ն և 1993թ. ծնված Ա.Բ.-ն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել` 01.33-ին:
Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա. ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածք, ավտոմեքենայի մասնատման և դիակների հանման համար:
Հունիսի 6-ին` ժամը 09.06-ին, հրշեջ-փրկարարները մասնատել են ավտոմեքենան, դուրս բերել դիակները և փոխանցել դիահերձարանի աշխատակիցներին: