«Չեխական ավիաուղիներ»-ը ՀՀ-ում կքննարկի Պրահա-Երևան չվերթների վերաբացումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 3-ինՊրահայի իր կեցավայրում հանդիպել է «Չեխական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ժոզեֆ Սինչակի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են «Չեխական ավիաուղիներ» ընկերության Պրահա-Երևան-Պրահա կանոնավոր չվերթների վերաբացման հարցը: Չեխական կողմը նշել է, որ նոր է ավարտվել ընկերության մասնավորեցման գործընթացը, և իրենք պատրաստ են քննարկել կանոնավոր չվերթները վերականգնելու հնարավորությունները:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է չվերթների վերաբացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել ընկերությանն այս հարցում: Նրա համոզմամբ` չվերթների վերաբացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, հայ-չեխական բարեկամության ամրապնդմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Չեխական ավիաուղիներ» ընկերության ղեկավարության Հայաստան այցելության շուրջ՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու ուղիղ չվերթները գործարկելու հնարավորությունները, քանի որ չեխական կողմը ցանկություն ունի վերաբացելու կանոնավոր չվերթները: