ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից ճարտարապետությունն ակնհայտորեն հակված է մարդկանց մոտեցնել աստղերին: Adme.ru կայքը ներկայացնում է աշխարհի տասը խելահեղ շինությունները, որոնք այժմ կառուցվում են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տասնյակում է Սաուդյան Արաբիայում կառուցվող աշխարհի ամենաբարձր շինությունը` «Բուրջ Խալիֆա»-ն: Այն կդառնա երկրագնդի վրա առաջին շինությունը, որի բարձրությունը կհասնի մեկ կիլոմետրի: Երկնաքերի կառուցումը պաշտոնապես սկսվել է անցյալ տարի և պետք է ավարտվի 2019-ին:
Մյուս արտասովոր շինությունը Չինաստանում 121-հարկանի Շանհայական աշտարակն է, որի կառուցման աշխատանքներն սկսվել են 1993թ. և ավարտվել են այս տարվա սկզբին:
Դուբայ Պերլ շքեղ շինությունը, որն առաջին հայացքից սովորական բնակելի տան տեսք ունի, գտնվում է խոշոր առևտրի կենտրոնի և ամենաբարձր շինության մոտ: Նախատեսվում է կառուցել չորս աշտարակ:
2016թ. կավարտվի Թայբեյում գտնվող Agora Garden-ի շինարարությունը: 20-հարկանի շինությունն ամբողջովին կանաչապատ կլինի և յուրաքանչյուր պատշգամբում այգի կունենա: Շինությունը պարույրաձև է:
Արտասովոր շինությունների շարքում են նաև Չինաստանում «Դավանգ» լեռնային հանգստավայրը, որտեղ կլինեն զվարճանքների «սառցե աշխարհ», փակ լեռնադահուկային համալիր: Ցանկում ընդգրկվել է «Սոնջանգ» հյուրանոցը, որը նույնպես գտնվում է Չինաստանում: Կառուցվում է ժայռերի ու լճի մեջ, որի ճակատային մասից ջրվեժ կգահավիժի:
Հնդկաստանի 117-հարկանի երկնաքերը` World One–ը, կլինի աշխարհում ամենաբարձր բնակելի տունը: Նրա 300 շքեղ 4-սենյականոց բնակարաններում կբնակվեն ամենահարուստ հնդիկները:
Չինաստանում սկսվել է 730 մետր բարձրություն ունեցող «Չժուննան» կենտրոնի շինարարությունը, այն կլինի Չինաստանի ամենաբարձր և աշխարհում երրորդ ամենաբարձր շինությունը:
Ցանկում ընդգրկվել է նաև Սեուլում գտնվող 556-մետրանոց Lotte World Tower երկնաքերը, որը պատրաստ կլինի 2016-ին, ինչպես նաև KARSARC նավթի հետազոտության և ուսումնասիրության կենտրոնը Սաուդյան Արաբիայում: