Հասարակական

Արմեն Մուրադյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժվող երեխաներին

3 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժվող երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ նա եղել է մանկական վերակենդանացման բաժանմունքում։ Արմեն Մուրադյանը մեկ առ մեկ ծանոթացել է այս պահին բաժանմունքում գտնվող 30 երեխայի առողջական խնդիրներին, հետաքրքրվել փոքրիկների բուժման ընթացքով։ Նորածինների, տարբեր տարիքի երեխաների մոտ բազմազան խնդիրներ են, վնասվածքներ։ Առանձնանում են հատկապես բնածին արատներով երեխաները, որոնց զգալի մասը հետվիրահատական բժշկական խնամք է ստանում։

Նրանցից 9 ամսական բիշքեքցի Առնաս Աշիրբանին դեռ երկու ամիս առաջ Հայաստան են բերել սրտի արատը բուժելու նպատակով։ «Լսելով, որ Հայաստանում զարգացած է սրտաբանական ծառայությունը, հատուկ եկել են այստեղ վիրահատվելու համար: Երեխայի մոտ միջփորոքային միջնապատի մի քանի արատ կա։ Մինչ վիրահատությունը կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բնածին այլ խնդիրներ էլ կան»,- պատմել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

Հաշվի առնելով երեխայի կյանքին սպառնացող վտանգը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Դալլաքյանի և վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արայիկ Կարապետյանի կողմից կատարվել է թոքի վիրահատություն: Հետվիրահատական բարդություններով պայմանավորված` երեխան «Նորք Մարաշից» տասն օր առաջ արհեստական շնչառական սարքով տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Երեխայի սիրտը դեռևս չի վիրահատվել, այժմ հանգիստ վիճակում է, առկա է բուժման դրական դինամիկա, փոքրիկն արդեն ինքնուրույն է շնչում»,-հավելել է բժշկուհին: Հայ բժիշկներից իր գոհունակությունն է հայտնել փոքրիկի մայրը. «Գոհ եմ թե՛ բուժումից, թե՛ վերաբերմունքից։ Ուղիղ երկու շաբաթ առաջ երեխաս շատ ծանր վիճակում էր։ Իսկապես շատ շնորհակալ եմ Աննա Չոբանյանին և բաժանմունքի անձնակազմին երեխայիս բուժօգնություն ցուցաբերելու համար»,-իր երախտագիտությունը հայտնելով նշել է երեխայի մայրը:

Խորհրդանշական է, որ 20 տարի առաջ՝ հենց հունիսի 1-ին, Նիկոլայ Դալլաքյանը նշանակվել է այս հիվանդանոցի տնօրեն։ 20 տարի անընդմեջ նրա ղեկավարած կլինիկայի բուժանձնակազմը գիշեր ու զօր պայքարում է փոքրիկների առողջության համար։ Ամենատարբեր վնասվածքներով, ծանր վիճակում գտնվող բազում երեխաներ են ապաքինված դուրս գրվում այս հիվանդանոցից` իրենց գոհունակությունը հայտնելով ցուցաբերված բարձրակարգ բժշկական օգնության և հոգատար վերաբերմունքի համար։

Արմեն Մուրադյանը վերակենդանացման բաժանմունքի բոլոր երեխաներին նվերներ է հանձնել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում