Հասարակական

Երեխաների բուժման համար անհրաժեշտ հատկացումներն ավելանում են. Արմեն Մուրադյան

2 րոպեի ընթերցում

Երեխաների բուժման համար անհրաժեշտ հատկացումներն ավելանում են. Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանր հիվանդություններ ունեցող երեխաների խնդիրը ամբողջ աշխարհում ոչ միայն առողջապահական մարմինների, այլ նաև հասարակության խնդիրն է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Եվ այս խնդրի կարգավորմանն ուղղված պետական ծրագրերը և պետական բյուջետային միջոցները համալրվում են հասարակության կողմից համապատասխան ծրագրերով: Գիտեք, որ մեր երկրում էլ կան նման ծրագրեր: Այսօր մեր երկրում գործում է «Նվիրիր կյանք» հիմնադրամը, որի գործունեության արդյունքում շուրջ 500 երեխա կարողացել է ստանալ այն բուժումը, որը մենք, ցավոք, պետական միջոցներով չէինք կարող իրականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նախարարը հիշեցրեց, որ անցյալ տարի 400 միլիոն դրամով ավելացել են պետբյուջեով երեխաների բուժման համար նախատեսված գումարները՝ ընդգծելով, որ այս առումով բացառություն չի լինելու նաև 2016թ. բյուջեն: «Այսինքն, այս նպատակով հատկացվող գումարները պարբերաբար ավելանում են: Երեխաների բուժման հարցում կառավարությունն իր հստակ դիրքորոշումն ունի: Նաև պետք է նշեմ, որ մոր և մանկան խնդիրները գտնվում են հանրապետության Նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում: Իսկ այն հատվածը, որ մենք չենք կարողանում պետական միջոցներով իրականացնել, այդ բացերը մենք լրացնում ենք. հասարակական կազմակերպությունները փորձում են մեր ազգաբնակչության միջոցով լրացնել: Ես շատ ուրախ եմ, որ նման կազմակերպություններ և հիմնադրամներ կան»,- ասաց Մուրադյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում