Հասարակական

Արմեն Մուրադյանը լավատես է Հայաստանում կեղծ դեղերի դեմ պայքարի հարցում

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը լավատես է Հայաստանում կեղծ դեղերի դեմ պայքարի հարցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ դեղերի արտադրության, ներմուծման և գրանցման ողջ գործընթացը կանոնակարգված է, ինչի արդյունքում կեղծ դեղերի քանակությունը երկրում շատ չէ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ այդ երկարատև գործընթացն իրականացվում է դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կողմից, իսկ վերահսկողությունն իրականացնում է նորաստեղծ առողջապահական տեսչությունը: «Ես կարծում եմ, որ «Դեղերի մասին» նոր օրենքի ընդունումից հետո, որն այսօր ներկայացված է Ազգային ժողովին, բազմաթիվ հարցեր, որոնք կանոնակարգված չեն, կստանան օրենքի ուժ, և աշխատանքներն այս ուղղությամբ նոր թափ կստանան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը՝ պատասխանելով Հայաստանում կեղծ դեղերի շրջանառության մասին հարցին:

Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ նոր օրենքի ընդունումն ավելի մեծ հնարավորություններ և լիազորություններ կտա առողջապահական մարմիններին և բժշկական հաստատութուններին: «Նոր օրենքն ամբողջությամբ կանոնակարգելու է դեղերի ստեղծման պահից մինչև հիվանդին դրա հասանելի լինելու գործընթացը»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ կեղծ դեղերի հայտնաբերման ուղղութամբ աշխատանքներ պարբերաբար կատարվում են: Նա վստահեցրեց, որ նման դեղերը մերժվում են գրանցման պահին, ներմուծման պահին, լինում են նաև դեպքեր, երբ կեղծ դեղեր են հայտնաբերվում դեղատներում: Միևնույն ժամանակ, նախարարը վստահեցրեց, որ Հայաստանում կեղծ դեղերի քանակությունը շատ չէ: «Ես վստահեցնում եմ, որ մենք երկրում այդպես համատարած կեղծ դեղերի խնդիր չունենք»,- ասաց Մուրադյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում