Հասարակական

Արմեն Մուրադյանն այցելել է Արմավիրի ԲԿ-ում բուժում ստացող երեխաներին

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանն այցելել է Արմավիրի ԲԿ-ում բուժում ստացող երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող փոքրիկներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նա հետաքրքրվել է երեխաների առողջական վիճակով, զրուցել բուժանձնակազմի և երեխաների ծնողների հետ: Բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը նշել է, որ այս պահին բուժում է ստանում 3-6 տարեկան 14 երեխա։ Բոլորի առողջական վիճակում առկա է դրական տեղաշաժ և նրանք արդեն դուրս են գրվում:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանն ասել է, որ բռնկմանդեպքերի պատճառների մասին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է ինչպես տարածքային կառավարման և համայնքների ղեկավարներին, այնպես էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։«Հաստատվել է «շիգելլա զոնե»` դիզենտերիա հիվանդությունը, ինչը վկայում է երկրորդային կենցաղային ախտոտվածության մասին»,-նշել է Արմեն Մուրադյանը:

Նախարարն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության մայիսի 21-ի որոշման մեջ կատարված լրացմանը, որի արդյունքում ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունը կկարողանա օրենքով սահմանված կարգով մանկապարտեզներում և դպրոցներում ստուգումներ անցկացնել, ինչը հնարավորություն կտա կանխարգելելու նախկինում արձանագրված դեպքերը:

Արմավիրի մարզում արձանագրված վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահաճարակային մի շարք միջոցառումներ, ուսումնասիրվել են Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների կազմակերպության սանիտարահիգիենիկ պայմանները, հիվանդներից, մանկապարտեզի անձնակազմից, կոնտակտավորներից, խոհանոցի և խմբասենյակների մի շարք պարագաներից, խմելու ջրից իրականացվել են նմուշառումներ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ Արմավիրի թիվ 9 և 6 մանկապարտեզներում առկա է տեղային (լոկալ) բռնկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում