Մարդուն պետք է ընձեռել ապագա կառուցելու հնարավորություն. «Առաքելություն Հայաստան»

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար 1988 թվականը ծանր և բարդ էր՝ Արցախյան շարժում, սում­գայի­թ­յան դեպքեր, փախստականների ներգաղթ, այնուհետև` կործանարար երկրաշարժ… Խոցված վերքեր, խոցելի ընտանիքներ. բազմահազար մարդիկ օգնության կարիք ունեին: Տեսնելով այդ ամենը և զգալով աջակցության անհրաժեշտությունը` «Առա­քե­լու­թյուն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրները համախմբվեցին մարդկանց կամավոր օգնելու գաղափարի շուրջ: «Առաքելություն Հայատան»-ի սկզբնավորման, անցած ճանապարհի եւ հետագա գործունեության մասին «Արմենպրեսը» զրուցել է կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանի հետ:

-Տիկին Կիրակոսյան որքա՞ն ժամանակ է արդեն, որ «Առաքելություն Հայաստանը» ծավալում է իր գործունեությունը:

-Փաստացի մեր գործունեության սկիզբը դրվեց 1988-ին, երբ մենք համախոհներով միավորվեցինք՝ օգնելու աղետալի երկրաշարժից, արցախյան պատերազմից տուժածներին և փախստականներին, իսկ արդեն որպես հասարակական կազմակերպություն «Առաքելություն Հայաստանը» պաշտոնապես գրանցվել է 1993 թվականին` ան­մի­ջա­պես «Հասարակական կազմակերպու­թյունների մասին» ՀՀ օրենքն ընդունելուց հետո: Իր ակտիվ գործունեության շուրջ քսանհինգ տարիների ընթացքում մեր կազմակերպությունը կարողացավ դառնալ ՀՀ սոցիալական աջակցության բնագավառում փորձառությամբ և գիտելիքներով իր բացառիկ տեղն ունեցող հասարակական կառույց, որնայսօր Հայաստանի Հան­րա­պե­տության 8 մարզերի 22 քաղաքներում իր կողմից հիմնած շուրջ հինգ տասնյակ ենթակառույցների միջոցով hամայնքահեն բազմաբնույթ ծառայություններ է մատուցում շուրջ 8.000 շահառուների:

-Կայացման ինչպիսի՞ ճանապարհ է անցել կազմակերպությունը և ո՞րն է այսօր «Առաքելություն Հայաստանի» հիմնական առաքելությունը:

-Սկզբում մեր գործունեությունն ինքնաբուխ էր. կարիքավորներին ապահովում էինք հա­գուստով, սննդով, տրամադրում բուժծառայություն, զբաղվում խնամքի կարիք ունեցողներով և անում ամեն հնարավորն ու անհնարը նրանց օգնելու համար: Այդ ժամանակ ոչ գիշեր կար, ոչ ցերեկ. աշխատում էինք առանց հոգնելու և ամենայն սիրով: Իսկ այսօր արդեն կարող ենք հպարտությամբ բարձրաձայնել, որ այս տարիների ընթացքում «Առա­քելություն Հայաստան» ԲՀԿ-ն ստեղծեց, ներդրեց և զարգացրեց համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուց­ման ընդհանրական ուրույն համա­կարգ, որն իր այլընտրանքը չունի ո՛չ պետական և ո՛չ էլ հասարակական սեկտորում: Այն հնարավորություն ընձեռեց տարեցներին, հաշմանդամներին, փախստա­կաններին, ժամանակավոր ապաստան հայցողներին և այլ խոցելի խմբերին իրենց իսկ տներում և համայնքներում ստանալ իրենց անհատական կարո­ղու­թյուն­ներին ու կենսական պահանջներին համապատասխան, բազմաբնույթ սոցիալ-առողջա­պահա­կան ծառա­յու­թյուններ: Որդեգրելով խոցելի խմբերին ցուցաբերվող աջակցության համակարգային մո­տե­ցու­մը՝ մեր կազմակերպությունը ոչ միայն մատուցում է ծառայություններ, այլ նաև ձգտում է նպաստել համայնքային մակարդակում սոցիալական քաղաքականության բարելավմանը և սոցիալական գործընկերության զարգացմանը:

-Ո՞ր կառույցների հետ է համագործակցում Ձեր կազմակերպությունը:

-Ծառայություններ մատուցելիս մենք առաջնորդվում ենք մեր իսկ կողմից ստեղծված համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների մոդելով, որի հիմքում ընկած է դասական սոցիալական աշխատանքը:Եվ պետք է նշեմ, որ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հիմնած այս մոդելը ձեռք է բերել մեծ ճանաչում ոչ միայն ՀՀ-ում, այլև ողջ Կովկասյան տարածաշրջանում՝ ներդրվելով նաև Վրաստանում, Ադրբե­ջանում և Դաղստանում: «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն հիմնադիրն է Սևծովյան տարածաշրջանի 12 երկրների շուրջ 50 հասարակական կազմակերպություններ միավորող «Սևծովյան ՀԿ-ների միջազգային միության», որի քարտուղարությունը մշտապես հաստատված է Հայաստանում և ղեկավարվում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից:

Շատ եմ կարևորում տեղական և հատկապես միջազգային կազմակերպությունների հետ գործընկերային սերտ հարաբերությունները: Կցան­կա­նայի խոսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի՝ ՄԱԿ ՓԳՀ-ի (UNHCR), Համաշխարհային բանկի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) հետ մեր համա­գոր­ծակ­ցության մասին, որի արդյունքում շահառուների կարիքից ելնելով կարողացել ենք ընդլայնել մատուցվող ծառայությունների ու շահառուների շրջանակը և իրա­կա­նաց­նել ընդգրկուն, նպատակային ծրագրեր: «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն՝ որպես գործ­ընկեր, ՄԱԿ ՓԳՀ-ի հետ աշխատում է 1994 թվականից առ այսօր և շարունակում է իրա­կա­նաց­նել ու ընդլայնել իր կողմից մատուցվող սոցիալ-առողջապահական և ուսում­նա­կան ծրագրեր Ադրբեջանից, Իրաքից, Իրանից և այլ երկրներից ներգաղթած փա­խստա­կանների համար: Առանձնապես կարևորում եմ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ հա­մա­գոր­ծակցությունն այն առումով, որ ի թիվս վերոնշյալ փախստականների՝ նա ան­գնա­հա­­տելի աջակցություն է ցուցաբերում 2011 թվականից առ այսօր Սիրիայից Հայաստան ներ­գաղթող փախստականներին նրանց կեն­սա­պայ­մանների՝ /բնա­կա­րա­նի, սննդի, սո­ցիալ-առողջապահական ծառայությունների, առաջին անհրա­ժեշ­տու­թյան պարա­գա­ների, ուսման, աշխատանքի և այլ/ բարելավման նպատակով: Նրանք 1915 թվա­կա­նին իրականացված եղեռնի ժամանակ կոտորած, ջարդ և տեղա­հա­նու­­թյուն տեսած սերնդի ժառանգներն են, և Սիրիայում 2011 թվականի մարտ ամսից բռնկված պա­տե­րազմից հետո նրանք դարձյալ հայտնվել են նույն աղետի առջև. արտագաղթ, տե­ղա­հանություն և դրանից բխող դառը հետևանքներ: ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցության շնորհիվ այսօր Հայաստանում հաստատված սիրիահայ շատ ընտանիքներ փորձում են նոր կյանք սկսել:

-Կխնդրեի պատմել «Առաքելություն Հայաստան»-ի ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին:

-2013 թվականից Ճապոնիայի Սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինան­սա­վոր­մամբ Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության աջակցությամբ «Առաքե­լու­թյուն Հայաստան» ԲՀԿ-ն իրականացնում է «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կեն­սամիջոցների բարելավում» միջկառավարական ծրագիրը, որի նպատակն է Երևան քաղաքում և Հայաստանի հինգ մարզերում (Կոտայք, Արարատ, Լոռի, Գեղարքունիք և Շիրակ) հաշմանդամություն ունեցող և աղքատ 4000 անձանց ընձեռել ինքնաբավ կենսապայմանների և զբաղվածության հնարավորություններ, ինչպես նաև նրանց մատուցել կենսականորեն անհրաժեշտ սոցիալ-առողջապահական ծառայություններ:

Իսկ 2014-ից մեկնարկել է նաև ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և ՀՀ Կառավարության հետ համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» հնգամյա ծրագիրը, որի նպատակն է խթանել բարելավված և կայուն սո­ցիա­լա­կան պաշտպանության համակարգը Հայաստանում: Ծրագիրը կաշ­խ­ատի ակ­տիվ քաղաքացիական նախաձեռնողական խմբերի և քաղաքացիական հա­սա­րա­կու­թյան կազ­մակերպու­թյուն­ների հետ, որպեսզի բարելավվի տեղե­կա­տվա­­կան հասա­նե­լիու­թյունը նրանց համար, ընդլայնվի նրանց մասնակցությունը քաղաքականության բա­րե­փոխ­ման գործընթացին և ամրապնդվի նրանց կարողությունները ՀՀ կառավարու­թյան գործունեության մշտա­դի­տարկման նպատակով:

Այս բոլոր իրականացվող ծրագրերում իրենց մեծ ներդրումն ունեն ՀՀ կառա­վա­րու­թյու­նը՝ հանձինս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախա­րա­րու­թյան և տե­ղա­կան ինքնակառավարման մարմինները: Այսօր մեր գործընկերների և աջակիցների շարքում են տեղական և միջազգային հեղինակավոր կառույցներ, որոնք բարձր գնա­հա­տա­կա­նի են արժանացրել իրենց գործընկերոջ պրոֆեսիոնալ և թափանցիկ գործելակերպը:

Տարիների ընթացքում տարբեր կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը մեզ թույլ է տվել զգա­լիո­րեն ընդլայնել ծառայությունների շահառուներին մատուցվող սոցիալ-առողջապա­հա­կան ծառայու­թյուն­ների շրջանակը՝ օգնության հասնելով և աջակցություն տրա­մադ­րելով տարբեր խո­ցելի օրեցօր ստվարացող խմբերի ներկայացուցիչների՝ տա­րեց­ներին, փախստա­կաններին, հաշմանդամներին, գործազուրկներին և բազմազավակ ընտանիքներին:

Պետք է խոստովանեմ, որ ի սկզբանե մեր գործունեության նպատակն է եղել մարդկանց ինքնաբավ, հնարավորինս կարող դարձնելու ձգտումը: Մարդկանց միայն նյութապես ապահովելը երկարատև և մնայուն արդյունք չի տալիս: Մարդուն պետք է ընձեռել մարդու տեսակին համապատասխան ճիշտ կենսակերպ և ապագա կառուցելու հնարավորություն: Պետք է մարդուն հեռանկար տալ…

Հայերեն English

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ