Օսմանյան Թուրքիայում 1915թ. տեղի ունեցածը ցեղասպանություն է, և դա անվիճելի է. Հասան Բուրգուջուօղլու
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարությունը պետք է առերեսվի սեփական պատմության հետ և ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Մայիսի 13-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց գերմանաբնակ թուրք մտավորական, Համբուրգի երկրամասի խորհրդարանի ձախերի խմբակցության ներկայացուցիչ Հասան Բուրգուջուօղլուն: «Ընդհանրապես մեր մարդ կոչվելու միակ չափորոշիչը Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշում ունենալն է: Ես այդ հարցում ունեմ իմ հստակ դիրքորոշումը: Այն, ինչ տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում 1915թ., ցեղասպանություն է, և դա անվիճելի է: Ամենավատ բանը, որ մարդը կարող է անել մյուսներին, տեղի է ունեցել 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում, և այդ ոճրագործությանը մասնակցել է ոչ միայն Թուրքիայի կառավարությունը, այլ նաև թուրք, քուրդ և այլ մուսուլման ժողովուրդներ՝ իր բնօրրանում խեղդելով մի ողջ ազգի: Այսօրվա Թուրքիայի կառավարությունը պարտավոր է առերեսվել սեփական պատմության հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բուրգուջուօղլուն:
Նա ընդգծեց, որ ինքն իրեն էլ չի տարանջատում այդ ոճրագործությունից, որը տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում: Նրա խոսքով՝ ինքը, իր ընտանիքը, իր պապերը մասնակից են եղել այդ ոճրագործությանը: «Ես համարում եմ, որ մենք խայտառակ կենսագրություն ունեցող մարդկանց ժառանգներն ենք»,- ընդգծեց թուրք մտավորականը:
Նրա խոսքով՝ 20-րդ դարի դարասկզբին Արևմտյան Հայաստանը Թուրքիայի ամենազարգացած տարածքն է եղել, որտեղ կրթությունը եղել է բարձր մակարդակի վրա: «Այդ տարածքում երեխաները սովորում էին անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն՝ այն դեպքում, երբ այլ տարածքներում մարդիկ նույնիսկ սեփական լեզվին չէին տիրապետում: Եվ կարող եմ ասել, որ ժամանակակից Թուրքիան նույնիսկ չի հասել այն կրթական մակարդակին, որը ցեղասպանության տարիներին եղել է Արևմտյան Հայաստանում»,- ասաց Բուրգուջուօղլուն:
Նա շեշտեց, որ ինքը երբեք չի պաշտպանել Թուրքիայի իշխանությունների շահերը, քանի որ ժամանակին փախել է Թուրքիայից իր ընդդիմադիր հայացքների և Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշման պատճառով հալածանքներից խուսափելու համար:
Անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկումներին՝ մտավորականը նշեց, որ իր կուսակցության՝ Ձախերի ներկայացուցիչները նույնպես այդ հարցում հստակ դիրքորոշում ունեն և հետևողական են լինելու, որպեսզի այդ Բունդեսթագում այդ հարցը վերջնական լուծում ստանա: Նա ընդգծեց, որ Թուրքիայի ջանքերի շնորհիվ այդ բանաձևի քննարկումը Բունդեսթագում անընդհատ հետաձգվում է: «Սակայն մեր կուսակցությունը, որը խորհրդարանում ունի 77 պատգամավոր, ինչպես նաև Կանաչները, հետևողական ենք լինելու, որպեսզի այդ բանաձևը քննարկվի և ընդունվի Բունդեսթագում: Մենք թույլ չենք տալու, որ Գերմանիայի իշխանությունները մարդկանց աչքին թոզ փչեն և միայն ապրիլի 24-ին հայերի սիրտը շահելու համար ինչ-որ քայլեր ձեռնարկեն ու հետո մոռանան դրա մասին»,- ընդգծեց մտավորականը: