Հասարակական

ՀՀ ԱԺ-ն այլ երկրների խորհրդարաններին ցեղասպանության դեմ պայքարի հանձնախմբեր կազմելու կոչ կանի

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ-ն այլ երկրների խորհրդարաններին ցեղասպանության դեմ պայքարի հանձնախմբեր կազմելու կոչ կանի

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առաջիկայում կոչ կհղի բոլոր երկրների խորհրդարաններին, որպեսզի նրանք ցեղասպանության դեմ պայքարի հանձնախմբեր կազմեն: Այս մասին մայիսի 9-ին ԱԺ նիստերի դահլիճում «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի և Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահը ողջունեց մայիսի 7-12-ը Երևանում անցկացվող սեմինարի և համաժողովի մասնակիցներին:

«Ծանոթ եմ ձեր այցի նպատակներին, և կարծում եմ, որ դուք այն սերունդն եք, որոնց համախմբումից կախված է նաև 21-րդ դարի առաջընթացը: Հայաստանը ողջունում է կրթական առաջադեմ ծրագրերը, որի մասնակիցն եք այսօր դուք: Եվ ուրախ եմ, որ մասնակից եք դառնում հայաստանյան այս տոնական միջոցառումներին: Բոլորովին վերջերս Հայաստանի Հանրապետությունում նշվեց Ցեղասպանության տարելիցը, կազմակերպվեց ֆորում, որի ընդհանուր գաղափարն էր` ցեղասպանությունների դեմ պայքարը: Առաջիկա օրերին նաև ՀՀ ԱԺ-ն կոչով հանդես կգա, որպեսզի բոլոր պառլամենտները ցեղասպանությունների դեմ պայքարի հանձնախմբեր կազմեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գալուստ Սահակյանը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ խոսքը չի վերաբերոււմ միայն Հայոց ցեղասպանությանը: «100 տարվա այդ պայքարում մենք կարողացանք ճանաչելի դարձնել ամբողջ միջազգային հանրությանը ցեղասպանությունների և դրանց վտանգավորության մասին: Հիմնական գաղափարն այն է, որ այսուհետև պետք է ոչ ասել ցեղասպանություններին: Աշխարհում այսօր էլ ցեղասպանության, ահաբեկչության միտումներ կան: Ես իմ խոսքը սկսեցի ցեղասպանություններից, որովհետև դուք այն սերունդն եք, որ պիտի կարողանաք աշխարհը տիրապետելի դարձնել և հասկանալի դարձնել այն, որ ոչ թե քաղաքականությունը, այլ քաղաքակրթությունն է առաջնային»,-նշեց նա:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ ցանկացած քաղաքականություն քաղաքակրթության հետևանք պետք է լինի: «Կարծում եմ, որ աշխարհի բոլոր երիտասարդները պիտի համատեղեն իրենց ջանքերը, որպեսզի 21-րդ դարը լինի խաղաղության, բարգավաճման դար, չհանգեցնի պատերազմի և բախումների: Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է կիրթ հասարակություն: Ինչքան կրթությունը շաղկապված լինի երիտասարդական միությունների հետ, այնքան գաղափարների և սկզբունքների տեսակետից աշխարհը կվերափոխվի»,-նշեց նա:

Սահակյանը շեշտեց, որ մեր երկրի համար երիտասարդների հետ աշխատելը քաղաքական սկզբունք է: «Մենք ԱԺ-ում ունենք Երիտասարդական խորհրդարան, որը տարիներ շարունակ գործում է, և իր բարձրացրած խնդիրներով և մոտեցումներով կերտում է այն քաղաքական միջավայրը, որը անհրաժեշտ է մեզ: Որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ և ԱԺ նախագահ՝ հավելեմ, որ տարիների ընթացքում փորձում ենք երիտասարդների միջոցով խնդիրներ լուծել: Այսօր թե՛ խորհրադարանում, թե՛ կառավարությունում բազմաթիվ են երիտասարդները, որոնք կարողանում են իրենց պրոֆեսիոնալիզմով որոշակի ծրագրեր իրականացնել»,-հավելեց նա:

«Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի եւ Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցները ԱԺ նախագահին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան: Սեմինարը և համաժողովն անցկացվում Երեւանում մայիսի 7-12-ը: Միջոցառումները կազմակերպել են Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈՒԱԱ) եւ Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈւՄ): Երեւանում են համախմբվել Եվրոպական ուսանողական միության մոտ 40 ուսանողական ազգային միությունների ավելի քան 150 ներկայացուցիչներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում