Պաշտոնական

Մարդկության դեմ ոճիրներին նվիրված թանգարանները անցյալի դառը հիշողությունները վառ պահելու ուղերձ են. Սերժ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Մարդկության դեմ ոճիրներին նվիրված թանգարանները անցյալի դառը հիշողությունները վառ պահելու ուղերձ են. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 6-ին Վաշինգտոնում այցելել է Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարան: Թանգարանի տնօրենը Հանրապետության Նախագահին շրջայցի ժամանակ ծանոթացրել է ներկայացված ցուցադրանյութին: Շրջայցից հետո Սերժ Սարգսյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում. «Խորապես ազդված եմ տեսածից: Սա մի վայր է, որն իր պատերի ներքո ամփոփում է խորը թախիծ և միաժամանակ հույսի մեծ շող՝ շեշտադրելով անցյալին առերեսվելու առավելությունն ընդդեմ անցյալի ժխտման և քողարկման: Սա մի անգնահատելի ներդրում է՝ որպես ապահով ապագայի լուռ, բայց խոսուն երաշխավոր:

Մարդկության դեմ իրագործված ոճիրներին նվիրված թանգարանները, ինչպիսիք են Հոլոքոստին նվիրված այս հուշահամալիր-թանգարանը, Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ոչ միայն զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու համար են, ոչ միայն վերապրածների հիշողությունների խտացված ամփոփումներն են, այլ նաև հստակ ուղերձ են ներկա և ապագա սերունդներին, որպեսզի միշտ վառ պահեն անցյալի դառը հիշողությունները՝ դրանցից դասեր քաղելու և դրանք սերնդեսերունդ փոխանցելու համար»,-գրառել է ՀՀ Նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում