ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի խորհրդարանի ծագումով հայ միակ պատգամավոր Երվանդ Նիսանն անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքելուց հետո 1915 թվականի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն ճանաչելու մասին օրենսդրական առաջարկ է ներկայացրել խորհրդարանի քննարկմանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է քուրդիստանյան Rudaw-ը` նշելով, որ առաջարկին աջակցություն է հայտնել ինքնավարության հիմնադիրներից «Քրդիստանի հայրենասերների միություն» կուսակցությունը (ՔՀՄ):
Երվանդ Նիսանը 40 խորհրդարանականների ստորագրությամբ օրենսդրական առաջարկը ներկայացրել է Քրդստանի խորհրդարանի նախագահություն: Օրինագծով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ն ինքնավարությունում պաշտոնապես համարել ոչ աշխատանքային օր:
Rudaw-ի հետ զրույցում «Քրդստանի հայրենասերների միության» պատգամավոր Ռեվաս Ֆայիքը, նշելով, որ առաջարկի տակ ստորագրել է նաեւ ինքը, ասել է, որ խորհրդարանի կողմից օրինագծի վավերացման մեծ հավականություն է տեսնում:
Նշվում է, որ օրենսդրական առաջարկն ստորագրել են քրդական ինքնավարության համահիմնադիր Քրդստանի դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) որոշ պատգամավորներ եւս:
ՔԴԿ անդամ Մուհամադ Ամիր Դերշեւին Rudaw-ին ասել է, որ իրենք բոլորն էլ գիտեն, որ Ցեղասպանություն եղել է:
«Ժամանակին Բարզանիները եւ մյուս ցեղախմբերը Թուրքիայի հետ սահմանում միացել էին հայերին օգնելու գործին: Սակայն այժմ Քրդստանի տարածաշրջանում նման քայլ անելը հեշտ չէ: Անհրաժեշտ է, որպեսզի նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի Քրդստանի խորհրդարանը», -ասել է նա:
Թուրքիայի գծով մասնագետ Բեյար Մուստաֆան էլ կարծիք է հայտնել, որ Քրդստանի խորհրդարանում նման առաջարկի քննարկումն ու ընդունումը կարող է մեծ վնաս հասցնել Էրբիլ-Անկարա հարաբերություններին:
2015 թվականի սկզբին Քրդստանի տարածաշրջանում հայերենն ընդունվել էր որպես պաշտոնական լեզու:
Լուսանկարը` KRG.org